Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի թիրախը մեր ժողովուրդն է. Կարինե Աճեմյան

analitik.am

Նիկոլ Փաշինյանը միշտ քննադատել է ԱՊՀ-ն ու ԵԱՏՄ-ն, իսկ այսօր Պուտինին սիրաշահելու համար նրան հայրանունով է դիմում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կարինե Աճեմյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին:

Աճեմյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ լինելը տեղյակ չի եղել, թե ինչ է երկրում կատարվում. «Այն դրականը, ինչն իրականացվել է երկրում, նա չի նկատել: Իսկ հիմա հանկարծ ինչ-որ տեղ տեսնում է, թե ինչպես են երեխաները թանգարաններ գնում ու դա վերագրում է հեղափոխությանը: Տարիներ շարունակ մարդիկ գնացել են թանգարաններ, իսկ նա դա չի տեսել: Հիմա նա բյուջեից բավականին մեծ գումարներ է տրամադրում, որպեսզի իր տափակ, պրիմիտիվ աֆորիզմ ասեմ, չգիտեմ ինչեր ասեմ, տարածելու համար (նկատի ունի հայտնի վահանակները): Դա անթույլատրելի է»:

Աճեմյանը խոսեց նաև ԱԺ գործուղումների մասին՝ հայտարարելով, որ 6 տարի եղել է պատվիրակության անդամ. «Մենք տարբեր երկրներ գնացել ենք 2, 3, 4 ներկայացուցչով, մաքսիմում 9-ը հոգով, երբ եղել է ԱԺ նախագահը: Իսկ հիմա 16 հոգով գնացել են Սերբիա միջխորհրդարանական միության նիստի: Նիստերի դահլիճում ընդամենը երեք տեղ է հատկացվում պատգամավորներին: Հանձնաժողովներում 1-2 հոգի հազիվ աշխատեն: Հիմա մի՞թե հարց չի առաջանում, թե ինչու է այդքան մեծ պատվիրակություն գնացել»:

Աճեմյանը հայտարարեց, որ նախորդ իշխանությունների արած դրականի մասին չի բարձրաձայնվել, իսկ հիմա շատերը շարունակում ենք քննարկել նախկիններին, ինչն անհասկանալի է. «Նիկոլ Փաշինյանի թիրախն իր ժողովուրդն է: Մենք տեսնում ենք, որ բոլոր բանակցությունները փակուղում են: Իսկ նա թիրախավորել է իր ժողովրդին: Այն թշնամանքը, որը կար 1,5 տարի առաջ, աստիճանաբար ավելի է շատանում, մեծացել է հանցագործությունների, վթարների թիվը: Թույնը է ներարկվել, որը շարունակվում է ներարկվել: Սա բերելու է երկիրը կործանելուն: Իսկ Ստամբուլյան կոնվենցիան բերելու է երկիրն այլասերելուն»:

Բանախոսն ասաց, որ վտանգը տեսնող մեծ երկրները տեսնում են գլոբալիզացիայի վտանգը, դրա համար սկսել են պայքարել, իսկ Հայաստանը շատ ժամանակ չունի վտանգը հասկանալու համար, պետք է շուտ նկատել դա ու քայլեր ձեռնարկել դրա դեմ:

Նույն շարքից