Օրակարգում այլ հարցեր էլ են եղել, մինչ այս պահը դրանց քննարկումն ավարտել ենք, իսկ ընդմիջումից հետո կքննարկենք Հրայր Թովմասյանի հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ խոսելով ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը քննարկելու մասին:
Դատավորների դիրքորոշման մասով Գյուլումյանն ասաց, որ դրանց մասին չի բարձրաձայնվի, քանի դեռ չի եղել վերջնական որոշումը: Նա չասաց նաև իր մոտեցումը, քանի որ դա կլինի նախնական կարծիք:
Այսօրվա նիստին Վահե Գրիգորյանը չի մասնակցում: Գյուլումյանը չգիտի Գրիգորյանի բացակայության պատճառների մասին: Վերջինս, ինչպես բոլոր դատավորները, ծանուցված են նիստի մասին. «Կարող եմ ենթադրել, որ նա ցանկություն չունի»:
Գյուլումյանը ենթադրում է, որ որոշումը լինելու է այսօր, սակայն չի կարող հաստատել. «Հնարավոր է, որ քննարկում լինի նաև աշխատանքային ժամերից դուրս, եթե մինչ աշխատանքային օրվա վերջ վերջնական որոշում չլինի»:
ՍԴ դատավորն ասաց, որ Հրայր Թովմասյանն այսօրվանից մի քանի օրով արձակուրդ է ձևակերպել, որևէ քննարկում այդ հարցով նա չի ունեցել իրենց հետ. «Օրենքը չէր արգելում նրա մասնակցությումը: Ենթադրում եմ, որ նա արձակուրդ է վերցրել գործի քննության անաչառության համար: Նա այսօր ու վաղը կլինի արձակուրդում»: