Հայաստան 

Արծվիկ Մինասյանը՝ Հակոբ Հակոբյանին

analitik.am

Պարո՛ն Հակոբյան, Ձեզ լսելով՝ ես տպավորություն եմ ստանում, որ Դուք Լյուդովիկոս 14-րդն եք, ով ասում էր`«պետությունը ես եմ». «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը, դիմելով հարակից զեկուցող, հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանին, ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 
«Տեղի, անտեղի, սխալ, անսխալ՝ քաղաքականության հերն անիծեցիք: Հարցը ինչ թեմայով են տալիս, Դուք ուրիշ բանի մասին եք խոսում»,-ասաց նա։

«Արդյո՞ք արդարացնում է այն հիմնական խնդիրը, որը կոչվում է ժողովրդագրություն: Մարդկանց հարկման հավասարության սկզբունքը խախտվում է, դուք բերել եք հակաժողովրդագրական, հակասոցիալական ու հակաիրավական նախագիծ»,-հավելեց պատգամավորը:

Հակոբ Հակոբյանն ի պատասխան նշեց. «Ես ինչքան գրքեր որ կարդացել եմ, ուսումնասիրել եվրոպական երկրների փորձը, բոլորը հենվում են Արծվիկ Մինասյանի ասածների վրա` որպես սոցիալական ճշմարտության դոկտրինի հայր»:

Պատգամավորը օրինակ բերեց այն փաստը, որ Դաշնակցությունը կողմ է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին, ինչը, նրա պնդմամբ, նույնպես հակասահմանադրական է:

«Դուք և Ձեր նման ցուցակային պատգամավորները ասում եք՝ 100% ընտրակարգի անցում, մենք էլ ասում ենք՝ դա է հակասական: Հիմա այս կարգի հայտարարություններ անել, վերջապես մի լավ բան ենք ուզում անել, որ չաշխատող մորը օգնում ենք։ Ուրիշ բան, որ ինձ որպես մեծամասնական ներկայացուցիչ մեղադրեք, որ ինչու 30 000 կանայք չեն աշխատում, այստեղ կարող եք մեղադրել, բայց այս հարցում, ազնիվ խոսք, իրավունք չունեք»,-ասաց նա:

«Ի՞նչ կապ ունի 100% համամասնականի հարցը, չհասկացանք: Ասացինք, որ հրաշալի նախաձեռնություն է, բայց ինչո՞ւ եք մյուս փաթեթը բերել, կպցրել սրան, որով բարձր աշխատավարձ ստացողներին կրճատում եք»,-ասաց նա և հավելեց, թե մեղադրում է ոչ միայն որպես մեծամասնական պատգամավոր, այլ մարտունեցի, որտեղ ծննդաբերությունը բարձր մակարդակի վրա է:

Հակոբ Հակոբյանը բորբոքվեց և հիշեցրեց այն տարիները, երբ Արծվիկ Մինասյանը փոխնախարար էր, իսկ սոցապ նախարարը՝ ՀՅԴ-ական, նշելով, որ այն ժամանակ նա բոլորովին այլ կերպ էր տրամաբանում: Ինչ վերաբերում է ծննդավայրին, ապա նա նշեց. «Իմ նպատակը՝ կապված իմ ծննդավայրի հետ, ակնհայտ է, ես երբեք չեմ տխրել ու վիրավորվել, ընդհակառակը շատ էլ ուրախ եմ, ով չունի ծննդավայր, թող նա մտածի»։

ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց, թե իրենք ծնելիությունը խթանում են այս նախագծով, քանի որ առաջարկում են 30 000 չաշխատող կնոջ օգնել:

Բանավեճին միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ով նշեց, թե ժողովրդի համար կարելի է մտածել, բայց քաղաքական շահարկման համար չի կարելի օգտագործել։

«Ժողովրդին սիրում են հոգեպես, արյամբ, ներքին զգացողություններով»,-ասաց նա:

Նույն շարքից