Հայաստան 

Ադրբեջանական կողմն ուզում է հայկական ուղղաթիռի օդաչուների մարմինները փոխանակել ադրբեջանցի գերիների հետ

Ադրբեջանական կողմն ուզում է նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված՝ Արցախի բանակին պատկանող ռազմական Մի-24 ուղղաթիռի օդաչուների մարմինները փոխանակել ադրբեջանցի գերիների հետ: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը «Հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտությունը. աշխարհը պետք է ճշմարտությունն իմանա» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, գերիների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետհանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը:

 

«… Հայերը պնդում են, որ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը սպանել են 17-ամյա երիտասարդի և նրա մարմինը տեղափոխել այլ տարածք… Այնուհետև նրանց մեղադրել են լրտեսության մեջ: Բայց նրանք նման բան չեն արել»,- ասել է Սադիգովը:

 

Նրա խոսքով՝ հայկական ռազմական ուղղաթիռը խոցվել է ադրբեջանական տարածքում, և մարմիններն այնտեղ են մնացել: Այդ հարցում լիազորություններ ունեցող միակ կողմն Ադրբեջանն է, և միայն նա կարող է մարմինների դուրսբերման թույլտվություն տալ:

 

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը:

Նույն շարքից