Հայաստան 

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կողջունի Հայաստանի պատգամավորներին

Ազգային ժողովում ժամը 13:00-ին կհյուրընկալվի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Այսօր ժամը 13:00-ին, այսինքն՝ երկրորդ նիստի ընթացքում, Ազգային ժողովում կհյուրընկալվի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն: Նա հանդես է գալու ողջույնի խոսքով»,-  նշեց Սահակյանը: Նա պատգամավորներին կոչ արեց այդ ժամին դահլիճում լինել՝ հորդորելով խմբակցությունների ղեկավարներին այդ ժամին պատգամավորներին հավաքել նիստերի դահլիճում:

 

Նոյեմբերի 19-ին եռօրյա այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությունը:

 

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

 

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան:

Նույն շարքից