Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես վստահ եմ, որ Ալիևի հետ պայմանավորվածություններ կան. Բալասանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

analitik.am

 

 

Օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է ու վերջ, պատահական չի արվել: Նիկոլ Փաշինյանը երևի ուզեց ասել, որ ինքն է ընդհանուր ղեկավարը կամ տերը: Նա չարաչար սխալվում է: Դա քաղաքականության մեջ նորմ չէ, դա շատ վտանգավոր է: Նա կանխամտածված է արել: Դրան հաջորդեց Գյումրիում հայտնի դեպքը, երբ բեմից ասացին, որ Արցախը մարզ է: Այնտեղ էր նաև Արցախի պատվիրակությունը՝ նախագահի գլխավորությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիտալի Բալասանյանը՝ վստահեցնելով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը փաթեթն է, որն ուզում է կյանքի կոչել:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան և հարցը, թե ինչն է իր համար մտահոգիչ այսքանից հետո, Բալասանյանն ասաց, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը եղած փաթեթից պետք չէ հրաժարվել. «Այդ փաթեթն ինչքան էլ հակահայ լինի, մեկ փաթեթ է, որի շուրջ հավաքվում ու խոսում են: Նա ասում է, որ նոր տեսլական է առաջարկել: Այսինքն ՄԽ 20 տարիների կատարած աշխատանքը հօդս է ցնդում: Դրանից հետո մենք տեսանք Լավրովի, համանախագահների, Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, բազմաթիվ հայտարարությունները, որ բոլորը բացասական են պատասխանել Փաշինյանի հայտարարությանը: Ինչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է ու վերջ, հո մենք երեխա չենք: Մենք գիտենք, որ Արցախը Հայաստան է, բայց այն քաղաքականությունը, որը պետք է վարենք ու վերջնական քաղաքական լուծում ստանանք Արցախի համար, այն է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Ես համոզված եմ, որ կա պայմանավորվածություն Ադրբեջանի նախագահի հետ, որպեսզի այդ հայտարարություններն անի, որ Արցախը չվերադառնա բանակցային սեղան որպես սուբյեկտ»:

Բալասանյանն ասաց, որ տեղեկությունները տողատակերով է ասում, երբ ժամանակը գա, փակագծերը կբացի. «Ես չէի ուզենա, որ ՀՀ իշխանությունները ձախողվեն: Նրանք պետք է այս ընթացքում արած սխալներն արագ շտկեն: Հիմա փակագծերը չեմ բացում, ժամանակ եմ տալիս, հորդորում եմ, խնդրում եմ ՀՀ քաղաքական վերնախավը որոշում կայացնի, Արցախի քաղաքական վերնախավի հետ նստի քննարկի հարցը»:

 

 

 

Նույն շարքից