Քաղաքականություն 

Բարով եք եկել պարոն վարչապետ․ Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գեորգի Գախարիայի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցն ու ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

«Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի պարոն Գախարիա, ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում` որպես եղբայրական վրաց ժողովրդի վարչապետ: Ուրախ եմ, որ մինչ մեր հանդիպումը՝ արդեն իսկ կարողացել ենք ջերմ և աշխատանքային հարաբերություններ հաստատել: Կարևոր է արձանագրել` երկուստեք համոզված ենք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեր երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու: Եթե ինձ հարցնեն, թե որոնք են իմ վարչապետության մեկուկես տարիների ձեռքբերումները, ապա առաջին հերթին կնշեմ Վրաստանի հետ նոր մակարդակի հարաբերությունների ձևավորումը: Միաժամանակ համոզված եմ, որ մեր աշխատանքների արդյունքում երկկողմ համագործակցությունը շատ ավելի կզարգանա: Բարով եք եկել պարոն վարչապետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Հարգելի պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Հայաստանում: Մենք մեծ պատասխանատվություն ունենք մեր նախնիների առաջ, որոնք դրել են մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության հիմքը: Ցանկանում եմ հավաստել, որ մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմամբ, ինչը կանդրադառնա նաև մեր քաղաքացիների վրա: Չնայած նրան, որ երկուստեք մեր հարաբերությունները գնահատում ենք բարձր, սակայն մենք տնտեսության, մշակույթի և մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք: Եվս մեկ անգամ շնորհակալություն ջերմ ընդունելության համար»,- իր հերթին ասել է Գեորգի Գախարիան:

Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների վարչապետներն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարագային մի շարք հարցերի, այդ թվում` առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության զարգացմանը վերաբերող թեմաների:

Ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ առանձնազրույցի ընթացքում հասցրել են քննարկել հարցերի լայն շրջանակ: «Դրա ամենակարևոր արդյունքը հետևյալն է. մենք խորապես շահագրգռված ենք արձանագրելու նոր արդյունքներ մեր երկրների հարաբերություններում և կառուցել ռազմավարական զարգացման տեսլական»,- նշել է ՀՀ վարչապետը:

Գեորգի Գախարիան ևս արդյունավետ է գնահատել Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցում ունեցած քննարկումները և նշել. «Դրանք վերաբերում են մեր երկու երկրների պատմական արժեքներին և մարդկանց, ովքեր ապրում են մեր երկրներում»,- ասել է Վրաստանի վարչապետը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համարժեք արձագանքել իրավիճակին տարածաշրջանում, որի կայունությունը միայն կնպաստի տարածաշրջանային համագործակցության արդյունավետությանը:

Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը և Գեորգի Գախարիան համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը և գոհունակություն հայտնել վերջերս տեղի ունեցած նիստի արդյունքներից:

Կողմերը առանձնակի շեշտել են ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, մասնավորապես, Գոգավան-Գուգութի և Բավրա-Նինոծմինդա ավտոճանապարհների վերակառուցման ուղղությամբ:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից