Հայաստան 

Կառավարությունն ընդունել է պատգամավորների առաջարկները սահմանամերձ համայնքների նախագծի վերաբերյալ

 Կառավարությունը մանրամասն ուսումնասիրել է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության վերաբերյալ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր պատգամավորների առաջարկները: Նախագծով առաջարկվում է ՀՀ պետբյուջեից մասամբ փոխհատուցել շուրջ 31 սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարները: Այս մասին Ազգային ժողովում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ռեժիմով քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը: «Կառավարությունն ընդունել է պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի և Արծվիկ Մինասյանի առաջարկները: Այս առաջարկը բովանդակային իմաստով հնչեց նաև այլ պատգամավորների կողմից: Խոսքը գնում է տրամադրվող փոխհատուցումների քանակական բնութագիրն օրենքի նախագծում ընդգրկելու մասին»,-  նշեց նա:


Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում փոփոխություններ են արվել և հստակ ֆիքսվել է, որ այդ չափաքանակները կհաշվարկվեն, ելնելով 2013թ. գազի և էլեկտրաէներգիայի տարեկան մեկ բաժանորդի հաշվով սպառված միջինացված ծավալներից՝ դրանց նկատմամբ կիրառելով  փոխհատուցման առնվազն 50 տոկոս ռեժիմը: «Ոռոգման ջրի պարագայում կփոխհատուցվի ջրօգատագործողների կողմից փաստացի օգտագործված ծավալների  առնվազն 50 տոկոսը»,- ընդգծեց Տերտերյանը:

Երկորդ առաջարկը հնչել է պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից, ըստ որի` գազի և էլեկտրաէներգիայի սպառման ծավալները կարող էին ավելի քիչ լինել՝ կապված սակագների փոփոխության հետ: «Մենք ընդունել ենք նաև այս առաջարկը, դրա համար էլ սահմանել ենք, որ հաշվի են առնվելու 2013թ. սպառման ծավալները: Սա այն տարին է եղել, որ սպառումը եղել է քիչ թե շատ կայուն»,- ընդգծեց Վաչե Տերտերյանը:

Կառավարությունն ընդունել է պատգամավորներ Արայիկ Հովհանննիսյանի և Կորյուն Նահապետյանի առաջարկները, որոնք վերաբերել են խմբագրական փոփոխություններին: Վաչե Տերտերյանը նշեց, որ առաջարկված խմբագրական փոփոխություններն արվել են, ինչն ավելի հստակ է դարձնում նախագիծը և դրանով սահմանված դրույթները:

Նույն շարքից