Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր Կառավարության նիստին ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր թույլատրել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կիևյան 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող 450.2 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և հողամասն օտարել դասական աճուրդով` որպես գույքի մեկ միավոր:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչու են օտարում այս գույքը, ինչին Արման Սահակյանը պատասխանեց, որ նախարարությանը պարտք են եղել, և սա պարտքի դիմաց ընդունած գույք է: «Օտարում ենք, որ վերականգնենք այդ գումարները բյուջե»,-ասաց Սահակյանը:
«Ասում եմ՝ ո՞ւմ ենք օտարում: Այստեղ մարդիկ են ապրում, բնակելի շենք է, և այդ մարդկանց հանո՞ւմ ենք»,-հարցրեց վարչապետը:
Արման Սահակյանը բացատրեց, որ այդ մարդիկ պարտք են պետությանը և այդ տարածքը հիմա պիտի օտարվի, որպեսզի այդ պարտքն էլ մարվի:
«Հասկացա դա, դու իմ հարցին պատասխանի: Այդ մարդիկ այնտեղ ապրո՞ւմ են: Բա հիմա ի՞նչ ենք անելու, նրանց գցելու ենք փողո՞ց: Հասկացա, որ պետական գույք է, պարտք են, բայց ի՞նչ սոցիալական խնդիր ենք լուծում»,-ասաց վարչապետը։
Վարչապետը հորդորեց նախագիծը հանել օրակարգից ու լրացուցիչ քննարկել։