Հայաստան Քաղաքականություն 

Ինչու Թոխյանը կողմ արտահայտվեց Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծին. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» օրաթերթին նոր, ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացման պատճառների մասին:

Բացի ուսանողների դժգոհություններից ու Թոխյանի՝ դասերից պարբերական բացակայելու հանգամանքից, նոր ամբիոնի վարիչ Արթուր Ղամբարյանը կարճ ժամանակում բազմաթիվ սխալներ ու Թոխյանի կողմից ցուցաբերված անգործությունն ապացուցող, ինչպես նաև վարկաբեկիչ փաստեր է հայտնաբերել, որոնք էլ իշխանությունները ներկայացրել են Ֆելիքս Թոխյանին՝ վերջինիս առաջ պայման դնելով՝ կա՛մ կողմ քվեարկել «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծին, կա՛մ այդ տվյալները հասանելի կդարձնեն հանրությանն ու իրավապահներին:

Ըստ մեր աղբյուրի, հենց այդ հանգամանքն էլ պատճառ է դարձել, որ նախկին իշխանությունների հետ բավականին ջերմ հարաբերություններ ունեցող Ֆելիքս Թոխյանը հոկտեմբերի 14-ին Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծին միակ կողմ արտահայտված դատավորը դառնա:

Լավատեղյակների պնդմամբ, Թոխյանը մինչ այս պահը առանձնահատուկ ջերմ հարաբերություններ ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ամեն առիթի դեպքում շեշտում է, որ Սարգսյանն է հոգացել երկու տարի առաջ իր տարած ծանր վիրահատության և հետագա բուժման ծախսերը:

Ըստ մեր աղբյուրների, եթե չլիներ Ֆելիքս Թոխյանի դեմ ձեռք բերված կոմպրոմատային փաթեթը, նա, ինչպես ՍԴ մյուս դատավորները, դեմ կարտահայտվեր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից