Հայաստան 

Շարմազանովն արցախյան կողմից քայլեր է պահանջում

 Արցախի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի` պարզելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Թե ինչպիսին կլինեն արցախյան կողմի քայլերը, բացառապես կախված է Ադրբեջանի ղեկավարության կեցվածքից և իրականությունը սթափ գնահատելու Ադրբեջանի կարողությունից»,-  նշեց Շարմազանովը:


Նա ընդգծեց, որ Ադրբեջանը, թույլ չտալով մոտենալ խոցված ուղղղաթիռին և պարզել անձնակազմի ճակատագիրը,  անմարդկային կեցվածք է ցուցաբերում՝ իրականացնելով շարունակական սադրանքներ, ինչը միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես Ժնևյան կոնվենցիայի ակնհայտ խախտում է: «Մեկ անգամ ասել եմ, ևս մեկ անգամ պատրաստ եմ կրկնել, որ իրավիճակի հնարավոր սրման ամբողջական պատասխանատվությունն ընկնելու է բռնապետական Ադրբեջանի վրա»,-նկատեց Շարմազանովը՝ հավելելով, որ այս առումով միջազգային հանրությունը պետք է ավելի շատ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որովհետև այդ երկիրը կոպտորեն խախտում է Ժնևյան կոնվենցիան:

Նույն շարքից