Վերլուծական Քաղաքականություն 

Այս իշխանությունների համար արդեն գործելաոճ է դարձել անվանարկել ցան­կացած տեսակետ, որը քննադատություն է պարունակում իրենց հասցեին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ ակտիվ քննարկվում է «Բարձ­րագույն կրթության և գիտության» օրենքի նա­խագիծը, մասնավորաբար այն դրույթը, որ բու­հերում այլևս պարտադիր չեն լինի «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայ ժողովրդի պատմու­թյուն» առարկաները:

Երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքել է այս քննարկումներին ու իր ՖԲ էջում գրել. «Քանի որ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացնում «Բարձրագույն կրթության և գիտության» օրեն­քի աշխատանքային նախագծի որոշ դրույթնե­րի վերաբերյալ, որն այս օրերին շարունակվում է փոփոխվել, կոչ կանեմ լրատվամիջոցներին և հասարակությանը չտրվել էժանագին սադրանքների և սպասել նախագծի հրապարակ­մանը, որից հետո կլինեն պարզաբանումներ»:

Այնինչ, այս նախագիծը, թեկուզ պաշտոնա­պես չի դրվել շրջանառության մեջ, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, նախարարի հանձնարարականով քննարկվել է տարբեր բու­հերում և գիտական հաստատություններում: Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, եզրա­կացությունների գերակշիռ մասը բացասական է: Հնարավոր է՝ սա էլ դարձել է նախարարի «մուն­նաթի» պատճառ:

Այս իշխանությունների համար արդեն գործելաոճ է դարձել անվանարկել ցան­կացած տեսակետ, որը քննադատություն է պարունակում իրենց հասցեին: Հետաքրքիր է՝ ինչն է համարում նախարարը «էժանագին սադրանք», քննարկումները մի հարցի շուրջ, որը հաստատել են նաև նախարարությունից, թե մասնագիտա­կան շրջանակների կոշտ տեսակետները պաշ­տոնապես չհրապարակված, բայց կարծիքի ուղարկված նախագծի մասին: Եթե այսքան ցա­վագին պետք է ընդունվեր, ուրեմն նախագծի հետ հարկավոր էր կցել հավելված՝ իրազեկումով, որ ընդունվում են միայն դրական կարծիքները:

Իսկ եթե ներկայումս առկա կարծիքները մինչ նախագծի՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում տե­ղադրվելը հաշվի են առնվելու, կարելի էր ավելի կոռեկտ լինել ու այդպես էլ հայտարարել:

Ընդհանրապես, լավ կլիներ, եթե երկար անունով նախարարության ղեկավարն ու իր մյուս գործընկերները որևէ գրառում կատա­րելուց առաջ մի քիչ երկար մտածեին՝ հիշելով, որ իրենք վաղուց սոսկ ֆեյսբուքյան օգտատե­րեր չեն, այլ պետական պաշտոնյաներ, ընդ որում՝ բավականին բարձրաստիճան:

Հակա­ռակ դեպքում, ստացվում է մի վիճակ, որ ինչ-ինչ հանգամանքների բերումով նախարարի աթոռին հայտնված մարդը որակումներ է տա­լիս տարբեր մտավորականների, մասնագետ­ների, որոնք «համարձակվում են» այնպիսի կարծիք հայտնել, որը չի համապատասխա­նում իշխանությունների տեսակետին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից