Գլխավոր Հասարակություն 

Ոստիկանապետի պաշտոնակատարը մանրամասներ է ներկայացնում գիշերվա միջադեպից, ինչի արդյունքում ոստիկան սպանվեց

analitik.am

Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանն այցելել է այս գիշեր հարձակման ենթարկված ոստիկանին, ով գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:

Լրագրողների հետ զրույցում Սարգսյանն ասաց, որ առողջական վիճակի մասին բժիշկները կասեն:

Սարգսյանը նշեց, որ ոստիկանության ծառայողներն իրենց ծառայողական պարտականությունը կատարելիս կասկածելի անձանց են նկատել, հետամուտ են եղել նրանց ինքնությունը ստուգելուն. «Երբ մոտեցել են նրանց, վերջիններս դիմել են փախուստի: Մեր ոստիկանները հետապնդել են նրանց, կարողացել են մեկին բռնել: Երկրորդը, ով կարողացել էր դիմել փախուստի, մթության մեջ հարձակվել է երկրոդ ոստիկանի վրա՝ փորձելով ազատել իր ընկերոջը: Քաշքշուկի արդյունքում պոկել է մեր ոստիկանի ատրճանակն ու արձակել կրակոցներ»:

Ոստիկանապետը ենթադրում է, որ արդյունքում վնասվել է զոհված ոստիկանի կենսական նշանակության օրգանը. «Նախնական տվյալներով մեկ կրակոցն է խոցել»:

Զենքը դեռ չի հայտնաբերվել. «Ի ուրախություն մեզ կարողացել ենք պարզել ստահակների ինքնությունը: Վերջիններս մեզ մոտ են, խոստովանում եմ»:

Ոստիկանապետի պաշտոնակատարն ասաց, որ քննության արդյունքում բոլոր հարցերը կպարզվեն:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը' ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։

Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։

Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ցավակցում ենք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան խոր վիշտը։

Նույն շարքից