Հասարակություն 

Ոստիկանների հոտառությունը չէր դավաճանել. Ովքեր են եղել ոստիկան սպանողները

analitik.am

Օրինապաշտ քաղաքացիներ չեն եղել: Մեր ոստիկանության ծառայողների օպերատիվ հոտառությունն իրենց չի դավաճանել: Նրանք ճիշտ մարդկանց են մոտեցել: Ուղղակի ցավում եմ, որ նման դեպք է ստացվել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ խոսելով այս գիշեր տեղի ունեցած միջադեպի մասին:

Սարգսյանը նշեց, որ տուժածները հասցրել են կապ տալ, միանգամից բոլորը մոտեցել են, սակայն Տիգրան Առաքելյանի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

«Օգտվելով առիթից ուզում եմ խոսել մի բանի մասին: Ուզում եմ, որ հանրային ընկալման մեջ բոլորը գիտակցեն, որ ոստիկանի վրա զենք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն, խստագույնս պատժվելու են նրանք, ովքեր կփորձեն այս կամ որևէ կերպ հանդգնել պետության վրա ձեռք բարձրացնել: Սա մեր համախմբվածության արդյունքն է  նաև, որ մենք այս կարճ ժամանակահատվածում կարողացանք պարզել կասկածյալների ինքնությունն ու բերման ենթարկել:

Քննության արդյունքների մասին կտեղեկացվեք: Սպանվել է ոստիկան, ով կատարում էր իր ծառայողական պարտականությունները։ Նրանք խիզախություն են ցուցաբերել, քանի որ կարող էին ուղղակի չտեսնելու տալ, չհետապնդել, երկար չվազել, ձեռնամարտի հնարք չկիրառել»,-ասաց Սարգսյանը:

Ոստիկանապետի պաշտոնակատարը նշեց, որ վիրավորված ոստիկանը երկարամյա ծառայության փորձ չունի, բայց զոհված ոստիկանը պետք է արդեն կենսաթոշակի անցներ, ունի երեխաներ. «Պատրաստվում ենք օժանդակել մեր գործընկերոջ ընտանիքին: Պետք է փառաբանել նման մարդկանց, որպեսզի բոլորը հասկանան, որ ոստիկանները խիզախություն են գործում հանուն պետության և պետությունը գնահատում է դա»:

Սարգսյանը նաև ասաց, որ ինքը նախաձեռնելու է, որպեսզի ոստիկանը պարգևատրվի:

Դեպքի վայրին հարակից բենզալցակայանն կա, որն ունի տեսախցիկներ, սակայն այն միայն իր տարածքն է տեսանկարահանել. «Ես խնդրում եմ, հորդորում եմ մեր տնտեսավարողներին, որպեսզի իրենք տեսախցիկներ տեղադրեն: Կոնկրետ այս գործի բացահայտումը չկապենք միայն տեսախցիկների հետ: Ուղղակի թող սա լինի ազդակ, որպեսզի փոքր ծախս արվի, տեսախցիկներ տեղադրվի, որպեսզի ավելի անվտանգ լինի մեր երկիրը: Խնդրում ենք սատարել պետությանը, որևէ ոտնձգություն չանել պետական կառույցների նկատմամբ»:

Վիրավոր ոստիկանը խոստացել է բարձրագույն կրթություն ստանալ և շարունակել ծառայությունը:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը' ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։

Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։

Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ցավակցում ենք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան խոր վիշտը։

Նույն շարքից