Հասարակություն 

Խաղողի մթերումը հենց հասնում է Արենի՝ խնդիրները սկսվում են. Արենիի ղեկավար

analitik.am

Նախօրեին Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, մարզպետարանից ներակայացուցիչներ, տարածաշրջանի խաղողագործներ հանդիպել են էկոնոմիկայի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների հետ, հանդիպման թեման խաղողի մթերման խնդիրն է, որը խոշորացված համայնքում հարթ չի ընթանում:

Analitik.am-ի հետ զրույցում Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը նշեց, որ հանդիպման ընթացքում համաձայնության են եկել, որ էկոնոմիկայի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների վերահսկողության ներքո պայմանագրերի դաշտ գա խաղողի մթերման գործընթացը:

«Յուրաքանչյուր խաղողագործ դեռևս մարտ ամսին գործարանի հետ պետք է ունենա պայմանագիր և պետք է իմանա, թե իր խաղողն ինչ գնով է մթերվելու»,- ասաց նա:

Հաջորդ խնդիրը, որի շուրջ եկել են ընդհանուր հայտարարի՝ մթեման դիմաց վճարումն է, որը նախատեսված էր մի քանի ամսից: Պայմանավորվել են, որ մի քանի օրից խաղողագործներին կվճարեն:

«Խաղողագործներին պետք է վճարվի մի քանի օրվա ընթացքում և կառավարության առաջիկա նիստում համապատասխան որոշում կընդունեն, սակայն կառավարությունը գնային քաղաքականությանը չի խառնվում»,- ասաց Հուսիկ Սահակյանը:

Ըստ նրա, մի քանի տարի առաջ «Արմենիա վայն» ընկերությունն Արենի տեսակի խաղողը մթերում էր 255 դրամով և խոստացել էին, որ տարեցտարի գինը 10 դրամով կբարձրացնեն, սակայն մի տարի խաղողը քիչ էր և ընկերությունը Արենի խաղողը մթերեց մեկ կգ-ն 300 դրամով և պայմանագիրրը խախտվեց:

«Ես առաջարկել եմ պայմանագրի մեջ կետ ներառել, ըստ որի, եթե խաղողի բերքատվությունը բարձր է՝ գինը կիջնի, եթե խաղողը պակաս է՝ մթերման գինը կբարձրանա: Նախատեսվում է լողացող գին, հուսամ և՛ մթերողները և՛ արտադրողները գոհ կլինեն»,- ասաց նա, հավելելով, որ առաջարկությունը նոր է, կտեսնեն, թե ինչպիսի արձագանքներ կլինեն լողացող գնի վերաբերյալ:

Հուսիկ Սահակյանն առաջարկել է կամ Աղավնաձորում, կամ տարածաշրջանում հիմնել խաղողի վերամշակման գործարան, որտեղ բնակչությունը հնարավորություն կունենա մթերել և վերամշակել իր խաղողը։

Ըստ նրա, Արենի խաղողի տեսակի հետ կա նաև մեկ այլ խնդիր. «Արենի տեսակն աճում է միայն Վայոց ձորի մարզում: Անգամ արմատակալներ են տարել Արարատ և Արմավիր, սակայն նույն Արենի խաղողը չի ստացվում։ Գործարանները Արենի գինի են արտադրում, իսկ թե ինչպես գլուխ չեմ հանում»,- ասաց նա:

Հուսիկ Սահակյանի համար անհասկանալի է, թե ինչու է Հանրապետությունում խաղողի մթերումը հարթ ընթանում, սակայն հենց մթերումը հասնում է Վայոց ձոր՝ 3 հազար տոննա խաղողի համար սկսվում են խնդիրներ։

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից