Գլխավոր Հասարակություն 

Բա ինչու նախկին իշխանությունների ժամանակ չեք եկել կառավարության մոտ. Նիկոլ Փաշինյանն ընդունել է զոհվածների ծնողներին

analitik.am

Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է զոհված զինծառայողների ծնողների հետ:

Հանդիպման սկզբին վարչապետ Փաշինյանը նշեց, որ մինչ այսօր գրաֆիկը ծանրաբեռնված է եղել, հանդիպումը հնարավոր է եղել կազմակերպել միայն այսօր:

Ապա Փաշինյանը խոսեց զոհված զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աշխատանքների մասին՝ նշելով, որ շահառուների շրջանակն արագ տեմպերով ընդլայնվում է, հիմա հիմնադրամը վճարումներ է անում 1998 թվականի հունվարի մեկից հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներին. «Մենք 1,5 տարվա ընթացքում 19 տարի հետ ենք գնացել: Մենք նպատակ ունենք ետ գնալ ու հասնել ամենասկիզբ»:

Վարչապետի խոսքերով, երբ հարցերը չեն լուծվում, որևէ մեկը ձայն չի հանում, իսկ երբ հարցերը սկսվում են հեռվից լուծվել, մարդիկ սկսում են խոսել, քանի որ չի գործում «Մի տանից չենք, մի հալից ենք» խոսքը. «Ես հասկանում եմ այդ մարդկանց, քանի որ նրանք, մտածում են, որ ամեն ինչ պետք է կանգ կառնի, եթե հերթը հասնի իրենց։ Սակայն ես վստահեցնում եմ, որ մենք մինչև վերջ լուծելու ենք հարցը»:

Փաշինյանը խոսեց զոհված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում տալու մասին ևս՝ նշելով, որ իր կարծիքով պետք է շահառու հանդիսանան նաև նրանք, ովքեր ոչ մարտական պայմաններում են զոհվում. «Ենթադրենք զինվորը մարտական դիրքում չէ, հակառակորդը կրակել է մեկ հատ և զինվորը զոհվել է, հիմա նա շահառու չի համարվում: Առաջին փուլով մենք նման զինծառայողների խնդիրը կլուծենք, իսկ հետո՝ մյուսների: Կամ օրինակ զինվորը մարտական դիրքեր գնալիս է մահացել:

Մի բանում վստահ կարող եք լինել, որ հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Մենք պատշաճ վերաբերմունք ունենք զինծառայության ընթացքում որևէ հանգամանքում զոհված որևէ զինվորի նկատմամբ: Մյուս կողմից էլ պետք է հասկանանք, որ դա անխուսափելի է՝ ստիպված ենք որոշակի կատեգորիաների բաժանել, այլ տարբերակ չկա»:

Մարգարիտա Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար․ «Քանի որ Հայաստանում իշխանություն է փոխվել, դուք ժողովրդի կողքին եք, մենք ակնկալում ենք ձեզանից ուշադրության կենտրոնում պահել զոհվածների ընտանիքներին: Ես գրություն եմ ներկայացրել Ձեզ: Որոշակի խնդիրներ է առաջացել, որ դուք 30 միլիոն եք հատկացնում ոմանց, իսկ զոհվածների ընատնիքներին՝ ոչ: Ես իմ միակ որդուն եմ տվել հայրենիքին: Դուք ասում եք, որ մարտի 1-ի դեպքով դիմում են դատարան: Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք դիմենք: Մեր որդիները զոհվել են, նրանք մարտական պայմաններում են զոհվել, սակայն մենք հիմնադրամի շահառու չենք»։

Վարչապետը ճիշտ չի համարում այն, երբ հարցնում են, թե «ինչու մյուսների հարցը լուծվեց, իսկ մերը՝ ոչ». «Դա հանրային համակեցության տրամաբանությանը հակասող շեշտադրում է: Փոխհատուցում ստացող շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակներում, երբ այլ իշխանություններ են եղել Հայաստանում: Դուք ասում եք, որ սերտ հարաբերություններ եք ունեցել այդ իշխանությունների հետ: Սակայն ես չեմ հիշում, որ դուք այսպիսի հանդիպումներ ունեցած լինեք Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետերի կամ նախագահների հետ և այսօրվա շեշտադրումներով հանդես գալ, ինձ համար դա տարօրինակ է: Այն ժամանակ ունեցել եք բոլոր հնարավորությունները, ինչո՞ւ չեք եկել կառավարության մոտ նստել»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով ծնողներին:

«Այն ժամանակ որևէ մեկը 30 միլիոն չի տվել: Այն ժամանակ որևէ մեկը ժողովրդին Օպերայից մինչև քաղաքապետարան չի բերել: Եթե Դուք հիմա խոսում եք զինվորների մասին, տիկին Մարգարիտան միշտ զբաղվել է հարցով: Ես չեմ անձնավորում իմ հարցը: Քավ լիցի, մի տվեք այդ 30 միլիոնը մեզ, 5 րոպեով հետ տվեք մեր զավակներին, մենք ձեզանից 30 միլիոն չենք ուզի, մեր տները կտանք: Ինձ տեղեկանք եք տվել, սակայն երբ ես մի տեղ եմ մտնում, ծաղրում են, ասում են, թող չգնար չզոհվեր»,-ասաց Խաչատրյանը:

Նույն շարքից