Հասարակություն 

Մենք չենք կարող խաբել ինքներս մեզ՝ ասելով, որ միակն ենք ու լավագույնը. Արմեն Սարգսյան

analitik.am

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Ավրորա» ֆորումի շրջանակում անցկացվող՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) «Փոխակերպելով բանականությունը» Գլոբալ ինովացիոն ֆորումի գալա ընթրիքին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:

Շնորհակալություն հայտնելով «Ավրորա» նախաձեռնության հիմնադիրներին՝ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին, նախագահը նշել է, որ նրանք անձինք են, որոնք իրենց ներդրումն ունեն Հայաստանի գիտության, տեխնոլոգիաների, նորարարության, բարեգործության ոլորտներում:

Խոսելով համաժողովի և FAST-ի գործունեության մասին՝ նախագահ Սարգսյանն այն համարել է ճանապարհ դեպի ապագա:

«Սա միայն ճանապարհ չէ դեպի ապագա, սա վերադարձ է դեպի իրականություն,- ասել է Արմեն Սարգսյանը։

-Իսկ իրականությունն այն է, որ մենք այս պահին ապրում ենք մի աշխարհում, որտեղ միակ երկիրը, հանրապետությունը կամ քաղաքը չենք, որ պայքարելու է ապագայի տեխնոլոգիաների համար»։

Նախագահը նշել է, որ այսօր աշխարհը կրկին հայտնվել է փոփոխությունների խաչմերուկում:

«Աշխարհը փոփոխվում է սրընթաց կերպով,-ասել է նա։

- Մեր ապագան, անկասկած, արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը և մեծ ծավալի տվյալների կառավարումն են:

Այս համաժողովը կօգնի վերադառնալ իրականություն։ Մենք չենք կարող հպարտ լինել միայն նրանով, թե ինչի ենք հասել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, քանի որ դա վերջնակետը չէ։ Մենք չենք կարող խաբել ինքներս մեզ՝ ասելով, որ միակն ենք ու լավագույնը։ Մենք ողջ աշխարհի հետ ենք մրցակցության մեջ: Կա միայն մեկ ուղի, որով կարող ենք հաղթել այս մրցակցության մեջ. այն պետք է դառնա ազգային առաքելություն, առաքելություն բոլորիս համար, առաքելություն մեր բոլոր բարեկամների համար, ովքեր հավատում են Հայաստանին, ովքեր պատրաստ են մեզ աջակցել։ Պետք է կոնսոլիդացնենք մեր ողջ գիտելիքը, նոու հաուն, մեր փայլուն մտքերը՝ լինի դա Սիլիկոնյան հովտում՝ Կալիֆոռնիայում, Նյու Յորքում կամ Քեմբրիջի համալսարանում, Ֆրանսիայում, Իտալիայում կամ Ռուսաստանում։ Պետք է շատ աշխատենք ու լինենք չափազանց կարգապահ, քանի որ մրցելու ենք աշխարհում լավագույնների հետ»։

Նա հորդորել է չվախենալ արհեստական բանականությունից, այլ՝ ընդառաջ գնալ փոփոխություններին:

«Աշխարհում հարյուր միլիոնավոր նոր աշխատատեղեր են ստեղծվել տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ,-ասել է Հանրապետության նախագահը։

-Միլիարդավոր աշխատատեղեր են ստեղծվելու արհեստական բանականության շնորհիվ, որից չպետք է վախենալ, քանի որ մեքենաները, արհեստական բանականությունը չունեն այն երկու-երեք հատկանիշները, որոնք մարդկային են։

Կա հիմնարար մի հատկանիշ. արհեստական բանականությունը, մեքենաները ունակ չեն սխալվելու՝ ի տարբերություն մեզ՝ մարդկանց, ովքեր սխալական են։ Սակայն սխալներ գործելը մի միջավայրում, որտեղ կան կանոններ կամ օրենքներ, դեպի էվոլյուցիա տանող միակ ճանապարհն է։ Այսինքն, սխալը, որը մարդկային է, հզոր գործիք է։ Եվ չկա տարբերակ, որտեղ արհեստական բանականությունը կհաղթի իրական բանականությանը»։

Նախագահի խոսքով՝ պատմության ընթացքում մեր ժողովուրդն ապացուցել է, որ կարող է հաղթել տարբեր ոլորտներում, և հիմա ստեղծվում են առաջընթացի նոր հնարավորություններ:

Նույն շարքից