Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը չեն մերժել բարեփոխումների 12 կետերի քննարկման իշխանության առաջարկը:
«Ո՞վ մերժեց ոչ իշխանականներից, ՀԱԿ-ը չմասնակցեց, բայց չեն մերժել»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի այն բանին, որ ոչ իշխանական ուժերը մերժում են բանակցությունների գնալ իշխանությունների հետ. «ԲՀԿ-ից դուք լսե՞լ եք, որ մերժել են»:
Լրագրողների դիտարկմանը, որ այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, նա ասաց. «Մենք ո՛չ Լևոն Զուրաբյանին ենք դիմել, ո՛չ Ռուբիկ Հակոբյանին, ես չեմ կարծում, որ նրանք ԲՀԿ-ի կարծիք արտահայտող ներկայացուցիչներն են: Իսկ Ազգային ժողովի նախագահի մոտ եղած հանդիպումից հետո ԲՀԿ ներկայացուցիչը տեսակետ չի հայտնել»։
«Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` Բարգավաճ Հայաստանից, դուք տեղյակ եք, թե Հանրապետական կուսակցությունն ում կարծիքն է ընդունում որպես պաշտոնական կարծիք»,-ասաց նա:
Իսկ հարցին, թե խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին է, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Դուք ասացիք, ես չասացի»: