Վերլուծական Քաղաքականություն 

«Սասնա ծռերի» այս սադրիչ քայլերին պետք է գնահատական տրվի իշխանության կողմից, այլապես նրանք կարող են անցնել ավելի ծայրահեղ քայլերի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի սկզբին Փաշինյանի հետ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը ակտիվ քննարկումների և քննադատությունների ալիք բարձրացրեց, սակայն Փաշինյանը այնպես ներկայացրեց իրավիճակը, կարծես թե իր և «Սասնա ծռերի» հարաբերությունների ջերմացումը բնականոն երևույթ է:

Եվ երբ նայում ենք քաղաքական զարգացումների տրամաբանությանը, ապա տպավորություն է առաջանում, որ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումից հետո «ծռերը» քարտ բլանշ են ստացել վարչապետի կողմից, և դա է պատճառը, որ նրանք վերջին շրջանում ակտիվացել են՝ չնայած որ անցած տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններին կարողացան հազիվ 20 հազար քվե հավաքել. ժողովուրդը պարզապես մերժեց նրանց։

Եվ քանի որ նրանք վստահության պոտենցիալ չունեն, որ կարողանան հանրային կյանքում օրակարգ թելադրել, հանդես են գալիս ծայրահեղական և վտանգավոր գաղափարներով:

Եվ այս համատեքստում պատահական չէ, որ ամեն քայլափոխի նրանք խոսում են պատերի տակ հյուսվող դավադրությունների և ահագնացող ռևանշիզմի մասին:

Ավելին, հետապնդելով իրենց շահը՝ նրանք նպատակ ունեն վարչապետ Փաշինյանին կտրուկ քայլերի մղել, իսկ դրա արդյունքում վարչապետի համար նոր պրոբլեմներ ի հայտ կգան, էլ ավելի կնվազի նրա վարկանիշը:

Հենց այդ ժամանակ էլ «Սասնա ծռերը» հնարավորություն կստանան իշխանությանը դրդել իրենց երազանքի իրականացմանը՝ նոր արտահերթ ընտրությունների անցկացմանը, որի մասին անընդհատ ակնարկում են Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը:

Հայաստանում ակտիվանալուց զատ «ծռերը» փորձում են նաև իրենց ուժերը չափել Արցախում, բայց վերջերս անցկացված ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ «Սասնա ծռերին» մերժում են նաև արցախցիները:

Եվ այս հանագամանքը հաշվի առնելով՝ այս ուժն սկսեց նոր սադրանքների դիմել, որով ոտնահարում են Արցախի ինքնիշխանությունը:

Արցախի հարցում «Սասնա ծռերի» դիրքորոշումն այն է, որ բանակցային պրոցեսը ծուղակ է, որից դուրս գալու համար պետք է Արցախը միացվի Հայաստանին: Նրանք չեն ընդունում Արցախի՝ ինքնիշխան պետություն լինելու հանգամանքը և հայտարարում են, թե Արցախը Հայաստանի մաս է:

Թերևս սրանով էր պայմանավորված, որ «Սասնա ծռերը» բավականին խանդավառությամբ ընդունեցին Ստեփանակերտում վարչապետի այն հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է:

Ճիշտ է, Արցախը Հայաստանին միավորելը բոլորիս ցանկությունն է, բայց գոյություն ունի դա իրականացնելու ճանապարհ, որը ենթադրում է նախ Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչում որպես անկախ պետություն, որից հետո էլ տեղի կունենա նրա միավորումը Հայաստանի հետ:

Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ գոյություն ունեցող բանակցային ձևաչափի անտեսումը և հայտարարությունները, թե Արցախը Հայաստանի մարզ է, շատ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ հայկական կողմի համար:

Իսկ Ադրբեջանը նման մի առիթ է փնտրում, որ միջազգային հանրությանը ցույց տա, թե հակամարտությունն իրենց և Հայաստանի միջև է, ապա դրանից հետո վերսկսի ռազմական գործողությունները:

Սակայն սա «Սասնա ծռերին» չի հետաքրքրում, նրանց համար ամենակարևորը կարճաժամկետ դիվիդենտներն են ու պղտոր ջրում ձուկ որսալը, և քանի իրենք ունեն վարչապետի թույլտվությունը, ավելի բացահայտ քայլերի են անցնում՝ ընդհուպ մինչև Արցախի ֆլեշմոբեր են կազմակերպում սոցցանցերում, ասենք՝ ցույց տալով, թե իբր իրենք նկարվել են «Արցախի մարզպետարանի» դիմաց:

«Սասնա ծռերի» այս սադրիչ քայլերին պետք է գնահատական տրվի իշխանության կողմից, այլապես նրանք կարող են անցնել ավելի ծայրահեղ քայլերի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից