Մի քանի տարի առաջ անհնար էր մտածել, որ գործարարը կարող է ընդդիմադիր քաղաքական ուժի ֆինանսավորել, այդ գործարարի հերը կանիծեին: Այս մասին խորհրդարանում կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Բագրատյանի խոսքերով, այդ մշակույթը հիմա էլ ձևավորված չէ. «Ես չգիտեմ՝ հաջորդ ընտրություններին այդ գործարարի հերը կանիծեն, թե՝ ոչ»:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով, այսօրվա իշխանությունն արդեն դրական փոփոխություններ արել է՝ ընդդիմությանը որոշ լծակներ է տվել. «Սա մշակույթ է, ինչի արդյունքում քաղաքացին չի վախենա ընդդիմության գործ ունենալիս: Ընդդիմությունը կարող է ասել, որ ինքը կարող է ինչ-որ գործիքակազմ կիրառել իշխանական գործարարի նկատմամբ, եթե իշխանությունն այդ քայլին գնա մյուս խմբի գործարարների նկատմամբ»:
ԲՀԿ-ական պատգամավորը հայատարարեց, որ խայտառակ ժամանակներն արդեն անցյալում են, սակայն պետք է հիմա շատ աշխատել, որպեսզի այլ խայտառակ ժամանակը չգա. «Եթե մենք չաշխատենք, պարտվելու ենք: Ակտիվությամբ պետք է հասնենք բալանսի: Առանց ընդդիմության ճնշման քիչ հնարավոր է, որ իշխանությունը որևէ լավ բան անի: Ընդդմությունը պետք է անընդհատ իշխանության շնչին նստած լինի: Նույնիսկ եթե մեր տան մեջ էլ չասեն տուն արի, տղամարդը կարող է տարիներով տուն չգալ: Բայց որպեսզի տան անդամները չխոսեն, տղամարդը, հարգելով կնոջը, տան անդամներին, հայացքներով հասկանալով իրար, փորձում են հարմոնիան պահել: Նույնը կարելի է ասել իշխանության մասին: Եթե ընդդիմությունն օրենքներով ու զսպող մեխանիզմներով չպահի, իշխանությունը կձգտի անսահմանափակ իշխանության»: