«Ժառանգությունը» հավատում է համաժողովրդական շարժմանը, բայց արդեն ճշմարտության պահը հնչել է և կոչ է անում այլևս ժողովրդի առաջ գործել բաց և հրապարակային. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պնդեց, թե իրենք այդ ձևով պետք է հասնեն համաձայնության՝ սկզբունքների և հետագա գործունեության վերաբերյալ:
«Մենք գործելու ենք խորհրդականում և խորհրդարանից դուրս` այդ համաձայնությունը ստանալու համար»,-հայտարարեց նա:
Իսկ մինչ այդ «Ժառանգությունն» առանձին՝ առանց եռյակի, քաղաքացիական հանդիպումների շարք կանցկացնի, որի մասին, ի դեպ, ըստ նրա՝ տեղյակ է պահվել եռյակի մյուս անդամներին, որ պետք է նոյեմբերին անպայման մեկ հավաք անցկացնել և խոսել ժողովրդի հետ:
«ՀՀ քաղաքացիներին հրավիրում եմ քաղաքացիական ժողովի՝ ազատ, անկախ, սահմանադրական Հայաստան ունենալու, անհապաղ ու ամբողջական իշխանափոխություն պահանջով»,-ասաց նա և տեղեկացրեց, որ Ազատության հրապարակում հավաք կլինի դեկտեմբերի 5-ին, ժամը 17-ին, իսկ դեկտեմբերի 6-ին՝ Վանաձորում և Գյումրիում:
«Ունենք նաև պատասխանատվություն մեր համաքաղաքացիների նկատմամբ, և մեր գործընկերները գիտեն, որ նոյեմբեր ամսին նվազագույնը մի անգամ միասին պետք է հրապարակ իջնենք, խոսենք ժողովրդի հետ, տեղեկացնենք։ Ինձ մոտ գոնե հույսը վերջինն է մեռնում, և հույս ունեմ, որ նոյեմբերին կունենանք միասնական առաջարկ հայ մարդուն և քաղաքացուն։ Կսպասեմ: Իսկ եթե չեղավ, մենք էլի կաշխատենք, բայց ժողովուրդը պահանջում է և արժանի է հրապարակային մոտեցման։ Իսկ ՀԱԿ-ն իր ավանդական երթը կանի, և մենք կմասնակցենք անպայման»,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը հրաշալի, աննախադեպ և լիցքավորող համարեց սկսված շարժումը, միաժամանակ նշեց, թե «հրապարակի դիմաց կա հարթակ, որը տակավին միացյալ չէ, ուստի և օրակարգն ամբողջական չէ»:
«Մենք պետք է ունենանք շիտակություն, տղամարդկություն ասելու, որ որոշ հարցեր կան, որոնք մնում են բաց՝ հրապարակային գործունեության խնդիրը, շարժման սկզբունքների հրապարակայնացման, հռչակման հարցը, որոշումների կայացման անհրաժեշտության հարցը։ Ժողովուրդն արժանի է բաց տեքստի, քանի դեռ այս բաց հարցերը լուծված չեն, փակված չեն, մենք տակավին չենք կարող խոսել միացյալ որոշումների, գրասենյակների, նպատակների մասին։ Եվ ոչ ամեն ինչ է, որ կկարդաք մամուլում կամ հրապարակային դաշտում, որ ներկայացնում է նաև «Ժառանգության» տեսակետը»,-ասաց նա: