Բարի օր Քաղաքականություն 

Ձեր հեղափոխությունը կարող է կիսատ մնալ. Արամ Մանուկյան

analitik.am

Հայաստանում կուսակցական համակարգը գոյություն ունի, այն մեռած չէ, ուղղակի պետք է այն ուժեղացնել: Այս մասին խորհրդարանում կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Արամ Մանուկյանը, ում խոսքերով, կուսակցական համակարգի ուժեղացումը կախված է տվյալ երկրի քաղաքական, նաև տնտեսական վիճակից:

Մանուկյանի խոսքերով, Հայաստանում սոցիալական ծանր վիճակը միշտ խոչընդոտել է կուսակցությունների առավել զարգացմանը. «Մի երկրում, որտեղ ՀՆԱ-ի 50 տոկոսը գտնվում է 15 ընտանիքի ձեռքում, 35 տոկոս աղքատություն կա, այդպիսի երկրում կուսակցական լայն, կայացած համակարգ չի կարող լինել»:

Մանուկյանը կարծում է, որ ուզենք, թե չուզենք, Հայաստանում պետք է ձևավորվեն սոցիալիստներ, կոմունիստներ, ազատականներ, պահպանողականներ, որովհետև այդ տիպի կուսակցություններն են, որ ունեն մոտեցումներ, մոդել՝ երկրի զարգացման համար. «Սա մեզ մոտ բացակայում է, կամ քիչ է: Պետք է գնալ այս ճանապարհով և ազատագրել քաղաքացուն ֆինանսի ու վարչականի ազդեցությունից»:

Նախկին պատգամավորը նշեց, որ Հայաստանում առկա սոցիալական պայմաններում վերոնշյալ լծակները գործուն մեխանիզմներ են դառնում. «Քաղաքացին պետք է հնարավորություն ունենա ընտրել ծրագիրը, երկրի զարգացման մոդելը, ոչ թե մարդուն»:

«Ես ցավում եմ, որ անգամ հեղափոխությունից հետո այս գաղափարը չաշխատեց: Փորձ արվեց, բայց խորհրդարանը չկարողացավ համամասնական ընտրությունների մասին դրույթն անցկացնել: Մենք 4-5 տարի տառապում էինք համամասնական համակարգի անցնելու համար: Խորհրդարանում նույնիսկ քառյակ ուժեր կային, որոնք կոնցեպտը մշակեցին, սակայն այդ կոնցեպտը ձեր հեղափոխությունը չուզեց: Ձեր հեղափոխությունը կիսատ կմնա, եթե քաղաքացին չազատագրվի և առաջիկա ընտրությունները համամասնական համակարգով չլինեն: Այդ համակարգը քաղաքացուն կտա ազատ ընտրության հնարավորություն»:

Նույն շարքից