Հայաստան 

Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հիասթափեցրել է Աշոտյանին

analitik.am

 ՀՀ կրթության ևգիտության նախարար ԱրմենԱշոտյանն անդրադարձել է ԵԺԿ քաղաքական համաժողովում  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթին:


Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթին, ինչպես նաև նրա հայտարարությանը, թե ինքը կես ժամ ուշացումով է ներկայացել ԵԺԿ քաղաքական համաժողովի բացմանը`  նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հիասթափեցրել է իրեն:


«Րաֆֆի, Դուք կրկին հիասթափեցնում եք: Վաղուց մոռացել էի այս գործչին, որի հետընտրական անփառունակ գործունեության արդյունքում Հայաստանում կրկին տարիներով հեռու շպրտվեց գաղափարախոսություն ունեցող ընդդիմություն ունենալու հեռանկարը: Էլի չէի անդրադառնա իրեն, եթե այսօր իր ասուլիսի առյուծի բաժինը ինձ չնվիրեր: Եվ այսպես`


1. Այո՛, ես կես ժամ ուշացումով եմ մասնակցել ԵԺԿ քաղաքական համաժողովի բացմանը, քանի որ ԵՄ կրթության նորանշանակ հանձնակատարի հետ իմ առաջին հանդիպումն էր: Ու թեպետ Բրյուսելում էի կուսակցական օրակարգով, այնուհանդերձ պետական ու գերատեսչական հարցերով նույնպես զբաղվել եմ:


2. Հստակ տպավորություն կար, որ Րաֆֆին բավականաչափ շփոթվել էր, երբ հասկացավ, որ իր ելույթին ես հասցրել եմ ներկա լինել և ականջովս լսել իր «պետականամետ» խոսքը:


3. ԵԺԿ-ում իմ ելույթում ես բառացիորեն խնայեցի Րաֆֆուն` շեշտելով, որ Բրյուսելում չէ որ Հայաստանի ներքաղաքական հարցերը պետք է իրար հետ քննարկենք, ավելին՝ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը լիուլի բավարարում է երկրի ներսում նման բանավեճեր լիարժեք ծավալելու համար:


4. ԵԺԿ-ում Րաֆֆու ելույթի միակ նպատակը եվրոպացիների մոտ միակ «եվրոպամետ» գործչի տպավորություն թողնելն էր, սեփական ծառայությունների «ինքնաառաջարկումը»:


5. Ռուսաստանի հարցի բուռն քննարկումների ընթացքում համատեքստից լրիվ դուրս՝ Հայաստանի Եվրասիական ընտրության մասին բուռն պոռթկումը Րաֆֆիի կողմից էժան «մարտավարություն» էր, որը որևէ կապ չունի ազգային շահ, հայրենիք, սեփական պետություն և այլ հիմնարար արժեքների հետ: Դիվանագիտական այբբենարանին ուղղակիորեն հակասող վայ-մարտավարություն էր դա:


6. Մեր հայրենասեր Րաֆֆին այլևս չխոսեց ԵԺԿ-ում, անգամ երբ ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության ղեկավար Պեդրո Ագրոմոնտը, որը հայտնի է իր հակահայկական նախաձեռնություններով: Շեշտեմ, որ միայն ինձ վրա մնաց նրան անդրադառնալու պատիվը:


7.Եվրասիական ընտրությունը սատարող երկու ուժերի կողքին, հարթակում, «եվրոպամետ» Րաֆֆու ներկայությունը դժվար է արդարացնել. «Կգա ժամանակ ես իրենց կողքին չեմ լինի, և նրանք ձեզ հետ կլինեն» քաղաքական հռչակումով անգամ:



Ինչևէ, ԵԺԿ-ն, լինելով Եվրոպայի լրջագույն ու առաջատար քաղաքական ուժը, կարևորագույն գործընկեր է մեզ համար, որտեղ անդամ երեք հայաստանյան կուսակցությունները, կարծում եմ, պետք է հետապնդեն բացառապես ազգային և պետական շահ:


Հ.Գ. Հուսով եմ, այսօրվա մամուլի ասուլիսում հնչած մտքի մյուս փայլատակումներից հետո Րաֆֆու քաղաքական կշիռը եռյակում գոնե մի քիչ կբարձրանա»,- գրել է Աշոտյանը:

Նույն շարքից