Հասարակություն 

Հնարավոր չէ իրագործել 10 միլիոնի ծառատունկ․ Անտառագետը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է 10 մլն ծառ տնկել. հնարավոր է  արդյո՞ք, թե՝ անհնար Analitik.am-ն այս հարցի շուրջ զրուցել է անտառագետ-ծառագետ Մեխակ Սայադյանի հետ:

«Իրատեսական չի 10 մլն ծառ տնկելը: Իհարկե, լավ բան են ուզում անել, բայց հնարավոր չի իրագործել: Ես հաշվել եմ՝ եթե պետք է 10 մլն փոսը փորվի, ապա մեկ տարվա ընթացքում օրական պետք է 27 400 փոս քանդեն: Բացի այդ, խնդիր է 10 մլն ծառի ձեռքբերումը, եթե մեկ ծառը 500 դրամով հաշվես էլ, ապա կազմում է մեկ մլրդ 700 մլն դրամ: Պետք է ամեն օր աշխատեն 931 մարդ, նրանց եթե վարձատրես օրը 5000 դրամով, ապա սարսափելի թվեր են ստացվում»,- ասաց անտառագետը:

Ըստ Սայադյանի, խնդիրներ կան տարածքների հետ կապված, կան վայրեր, որտեղ համայնքների և անտառտնտեսությունների հողերը սահմանազատված չեն, բացի այդ, 40 տարուց ավելի է անտառշինարարության և անտառգնահատման որևէ աշխատանք չի կատարվել և սահմանները հայտնի չեն:

Ծառագետը դեմ չէ մրգատու ծառերի տնկմանը՝ ծիրանենիներ, խնձորենիներ, սալորենիներ, սակայն հնարավոր է, որ որևէ բացատում փոս քանդեն և հողի տերը հայտնվի և պարզվի, որ իրավունք չունեին այդ տարածքում որևէ աշխատանք անելու, որովհետև տարածքը սեփականատեր ունի:

«Անտառտնտեսությունների տնկարանները չեն ֆինանսավորվել, տնկիներ առանձապես չկան, հիմնականում պտղատու ծառատեսակներն են մնում: Կարելի է գնել պտղատու ծառեր և տնկել, սակայն տարածքների հարցը կա»,- ասաց Սայադյանը և հավելեց, որ մասնագիտությամբ անտառագետ-ծառագետ է, սակայն որևէ մեկն իրենից և իր ծանոթ անտառագետներից ու ծառագետներից մասնագիտական խորհուրդ չի հարցրել՝ հնարավոր է 10 մլն ծառ տնկել, թե՝ ոչ:

«Բացի աշխատուժը և մոտ 10-15 մլրդ դրամ գումարը, պետք է ծառերը ոռոգվեն, առնվանզ մի քանի անգամ և եթե անձրև, ցեխ, ցուրտ չլինի և տարածքի հարցը լուծված լինի: Թե ով է նման խորհուրդ տվել, կամ ինչ ծրագիր է՝ իրագործումն իրատեսական չեմ համարում»,-ասաց Սայադյանը:

Ըստ անտառագետի, անգամ անտառագետների հետ չեն խորհրդակցում, երբ անտառի վերաբերյալ օրենքներ են ընդունում կամ այլ երկրների անտառային օրենքները կրկնօրինակում են և չի զարմանում, որ այս անգամ էլ անտառագետների մասնագիտական կարծիքը չեն հարցրել․ «Ես էլ մեծ ուրախությամբ կմասնակցեի ծառատունկին՝ եթե լինի փողը, աշխատուժը, տարածքը»,-ասաց նա:

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից