Հասարակություն 

Իջևանցիները որոշել են. իրենց պատկերասրահ պետք չէ՞

Իջևանի նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանի ամիսներ առաջ կայացրած որոշումով Իջևանի «Վերնատուն» եռահարկ պատկերասրահը տրվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների Մեկ պատուհան կենտրոնին: Իսկ թե ինչ է լինելու կտավների հետ և այն հարցը՝ արդյոք ընդհանրապես պետք է Իջևանին մշակութային նման եզակի օջախ, մի քանի ամիս է դարձել է իջևնացիների քննարկման առարկա:

Օրերս էլ քննարկվել է համատեղ «մեկ կտուրի տակ» գոյություն ունենալու՝ մեկ պատուհանի և պատկերասրահի համակեցության հնարավորությունները:

Նշենք, որ ի սկզբանե Իջևանում շենքը կառուցվել է որպես պատկերասրահ, որին հասնելու համար նախ կարելի է անցնել քանդակների այգու միջով և դիմացն արդեն պատկերասրահն է. այսինքն պատկերասրահը ստեղծվել է լրացնելու տարածքի մշակութային շունչը:

Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի նախագահ, գեղանկարչուհի Արմինե Թումանյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ շենքում պատկերասրահը գործում է արդեն 10 տարի, 2-րդ հարկը նախատեսված էր մշտական ցուցադրությունների համար և շատ հետաքրքիր կտավներ են ցուցադրվում, մի մասն արդեն որպես հնություն են դիտարկվում:

«Խնդիրը նաև այն է, որ թեև պատկերասրահն ունի 20 աշխատակից, սակայն փոշու մեջ կորած էր և վերջին տարիներին անուշադրության էր մատնվել: Որպես մշակութային օջախ պատկերասրահը եզակի է և այնտեղ բազմաթիվ ծրագրեր կարելի է իրականացնել, որը կարող է օգտակար լինել թե՛ քաղաքի, թե՛ մարզի արվեստագետների համար: Պատկերասրահը սոցիալական ծառայություններին տրամադրելը կխաթարի մշակութային օջախի դիմագիծը»,- ասաց նա:

Նա նշեց, նաև որ Տավուշի մարզպետարանը սոցիալական ինտեգրված ծառայություններին տարբեր շենքեր է առաջարկել տեղափոխվելու համար, սակայն ինտեգրված սոցիալական ծառայությունների Մեկ պատուհան կենտրոնը նախագծող աշխատակցիները չեն համաձայնվում որևէ կերպ վերանայել իրենց որոշումը շենքի ընտրության հարցում, իսկ պատկերասրահ ամեն քաղաքը չէ, որ ունի․ «Պատկերասրահ ունենալը նաև պատիվ է Իջևանի համար»,- ասաց Թումանյանը:

Գեղանկարչուհին նաև հաղորդեց, որ մի քանի օր առաջ քննարկման ժամանակ եկել են ընդհանուր հայտարարի, ըստ որի, միայն 2-րդ հարկն է տրվում պատկերասրահին, իսկ 1 և 2-րդ հարկերը՝ սոցիալական ինտեգրված ծառայություններին:

Նա թեև դժգոհ է նման որոշումից, սակայն առայժմ կփորձեն 2-րդ հարկում մշտական, իսկ 1-ին հարկի նախասրահում շարժական ցուցահանդեսներ կազմակերպել՝ որևէ կերպ պահպանելով մշակութային օջախի առաքելությունը:

«Ծրագրեր ունեմ տարբեր ցուցահանդեսներ կազմակերպել պատկերասրահում: Կփորձեմ: Ասեմ նաև, որ շենքի 3-րդ հարկը հարմար կլիներ նկարիչների կեցության և աշխատանքի համար, իսկ 1-ին հարկի սրահը կինոդիտումների և քննարկումների, որտեղ արվեստագետ ուսանողները կարող էին իրենց դիպլոմային աշխատանքները ներկայացնել, սակայն առայժմ պատկերասրահից այսքանն է հաջողվել մեզ պահպանել»,-ասաց նա:

Ըստ գեղանկարչուհու, Տավուշի մարզը ստեղծագործողների մեծ պոտենցիալ ունի, և հնարավորություն կա մշակութային կյանքն աշխուժացնել, բայց կան մարդիկ, ովքեր պնդում են, որ Իջևանին պատկերասրահը պետք չէ և կարևորում են սոցիալական ծառայությունների դերը:

«Այս տարի կազմակերպել էի Միջազգային նկարչական սիմպոզիում և Իջևան այցելելուց մտանք նաև պատկերասրահ, դիտեցինք երկու հարկի ցուցադրությունը, արտասահմանցի արվեստագետները տեսնելով պատկերասրահի վիճակն ուղղակի հիասթափվել էին՝ մի՞թե այդպես են վարվում մշակութային ժառանգության հետ: Մի՞թե հնարավոր է կտավներն այդքան չգնահատել և արժեքը չհասկանալ. նրանք ուղղակի ապշած էին»,-ասաց նա:

Թումանյանի խոսքով, Իջևանում կան արվեստագետներ և արվեստասերներ, ովքեր հասկանում և գնահատում են պատկերասրահի կարևորությունը և՛ ներկա, և՛ ապագա Իջևանի համար:

«Հուսամ, ժամանակ հետո մարդիկ կհասկանան, որ ոչ միայն սոցիալական ծառայություններն են կարևոր,  մեր ժողովուրդը մշակույթով է ապրել, մշակույթով է հզոր և մշակույթն է մեր ազգի դեմքը»,-շեշտեց գեղանկարչուհին:

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից