Հայաստան 

Ինչո՞ւ է Աղվան Հովսեփյանը այցելել Արդարադատության ակադեմիա

analitik.am

2015թ-ից Արդարադատության ակադեմիան իրականացնելու է քննիչների ուսուցում և վերապատրաստում: Դասընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի քննարկման նպատակով նոյեմբերի 21-ին Արդարադատության ակադեմիա էր այցելել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:


Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի ուղեկցությամբ Աղվան Հովսեփյանը շրջեց Ակադեմիայի շենքում, ծանոթացավ պայմաններին, հետևեց լսարաններում ընթացող դասերին:


Շրջայցից հետո անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը: Առանձնահատուկ շեշտադրում կատարվեց հեռավար ուսուցմանը, որի իրականացումը Ակադեմիայի առաջնահերթություններից է: Քննչական կոմիտեի նախագահը ևս համոզմունք հայտնեց, որ վերապատրաստում իրականացնելու լավագույն տարբերակը հեռաուսուցումն է՝ այդ համատեքստում հատուկ ընդգծելով քննիչների վերապատրաստումը:


Կարևորելով որակյալ մասնագետների դերը քննչական համակարգում՝ Աղվան Հովսեփյանը խոստացավ հետամուտ լինել քննիչների որակյալ ուսուցմանն ու վերապատրաստմանը:


Ռուբեն Մելիքյանը հույս հայտնեց, որ առաջիկայում Արդարադատության ակադեմիան և Քննչական կոմիտեն համագործակցված ու արդյունավետ կաշխատեն:

Նույն շարքից