Հայաստան Քաղաքականություն 

Գոնե Դո՛ւք ձայններդ կտրեք, լռե՛ք և մի՛ զբաղվեք երեսպաշտությամբ. Նորայր Նորիկյան

analitik.am

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր մտովի վերհիշեցի, թե 2007թ. նոյեմբեր ամսին ոստիկանության Երեւան քաղաքի Մաշտոցի բաժնի աշխատակիցն ինչպես էր այցելել մեր բնակարան և ինձ հիշեցնում էր, որ ես երկու մանկահասակ երեխա ունեմ, որ լավ կլինի, որ ինձ և նրանց չվտանգեմ՝ խորհուրդ տալով ձեռնպահ մնալ հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվելուց:

Ի դեպ, վերը նշվածի մասին գործող վարչապետը հիշատակել էր 2010թ. ընթացող իր դատավարության ժամանակ:

Այսօր նաև վերհիշեցի, թե 1985 թվականին, երբ ես ընդամենը 7 տարեկան էի, ու դեռևս Խորհրդային Միությունը գոյություն ուներ, այն ժամանակվա միլիցիայի աշխատակիցներն ինչպես էին եկել մեր տուն և ստուգում էին մեր բակի ասֆալտի և տան պատերի գաջի հաստությունը:

Իհարկե՛, իրողություններն ու ժամանակները տարբեր են, իհարկե՛, երբեք չի կարելի երեխաներին դարձնել թիրախ իրենց ծնողների գործունեության համար: Այստեղ որևէ այլ կարծիք լինել չի կարող:

Բայց ինձ այլ հարց է մտահոգում: Մենք երբեք չենք կարողանա ստեղծել այն հասարակությունը և պետությունը, որի մասին երազում ենք, եթե մենք չվերափոխենք մեր հասարակական գիտակցությունը և մեր արժեքային համակարգը:

Այսպիսի ընկալումներով մենք երբեք չենք կառուցի բարեկեցիկ, հզոր ու արժանապատիվ Հայաստանի Հանրապետություն:

Այսօր դեռևս կա այդ հնարավորությունը՝ փոխվելու և փոխելու, և մեզանից է կախված, թե մենք արդյո՞ք կունենանք այդքան ողջամտություն՝ օգտագործելու նպաստավոր հնարավորությունը, թե՞ ոչ...

Եվ վերջում, երբ տեսնում եմ, թե ովքեր են այսօր կրծքով պաշտպանում Հրայր Թովմասյանին, ուղղակի ապշում եմ: Գոնե Դո՛ւք ձայններդ կտրեք, լռե՛ք և մի՛ զբաղվեք երեսպաշտությամբ…»:

Նույն շարքից