Հասարակություն Մշակույթ 

Եկեղեցին եղել ու մնում է պատվարն ու հիմնասյունը մեր ազգային-քրիստոնեական ինքնության, հայ ոգու անպարտելիության և մեր փրկության ու հարատևության. Ամենայն Հայոց Կաթողիկոս

analitik.am

Հոկտեմբերի 18-ին Տավուշի թեմում հանդիսապետեցինք Դիլիջան քաղաքի եկեղեցու հիմնօրհնեքի հանդիսավոր արարողությունը:

Եկեղեցաշինական ծրագրի իրականացման բարերարներն են տեր և տիկին Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, Մաքսիմ Աթայանցը, Արմեն Կարապետյանը և Նորայր Թևանյանը:

«Մենք գոհունակությամբ ենք հաստատում, որ թեև պատմության հոլովույթներում մեզ պատուհասած փորձությունների ընթացքին Աստծո և հավատքի դեմ մարտնչողները քանդեցին եկեղեցիները, բայց երբեք չկարողացան կործանել հայոց հավատքը, որ թրծվել էր դարեր ի վեր այդ եկեղեցիներում, չկարողացան մեր ժողովրդին հեռացնել իր Աստծուց, իր սրբերից, ազգային-հոգևոր մշակույթի հիասքանչ ժառանգությունից: «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է»: Հիրավի, մեր հոգեղեն եկեղեցին, մեր հավատքը դրված է Քրիստոսի հիմքի վրա, և Տիրոջ խաչելությունն ու հաղթական Հարությունը նաև փորձությունների, ցեղասպանության ենթարկված մեր ժողովրդի ու մեր եկեղեցիների չարչարանաց ու հարության պատմությունն են: Հալածվելով ու ոչնչացման տարվելով՝ մեր ժողովուրդը խաչվեց, բայց չմեռավ, այլ հարություն առավ: Մեր հայրենի հողում ևս եկեղեցիներ են կրկին վեր հառնում, պայծառանում և իրենց դռները բացում հավատացյալների առջև: Եվ այս հաղթական ընթացքի գրավականը Հիսուս Քրիստոսն է, որի վրա՝ որպես հիմքի, հաստատված է Սուրբ Եկեղեցին: Ընդհանրական Հայրերից Սուրբ Եփրեմ Ասորին ասում է. «Եկեղեցին հոգևոր դրախտ է, որտեղ հաշտության սուրբ խորանը կյանք բխող կենաց ծառն է: Արդ, վայելեք այն շնորհները, որ ձեզ համար պատրաստել է Հայրը և միաբերան փառաբանեք Աստծուն»: Մեր ժողովրդի համար այս ընկալումով եկեղեցին միայն ճարտարապետական կոթող ու քարեղեն կառույց չէ, այլ աստվածային ներկայության, երկնային շնորհների բաշխման, հոգիների մաքրման ու ապաքինման վայր, ժամանակավորի միջից հավիտենության առաջնորդող հաստատություն՝ հիմնված Քրիստոս Վեմի վրա: Մեր եկեղեցական կառույցների հովանու ներքո հաստատված մեր դպրոցներում ու համալսարաններում սերունդներ են կրթվել, զորացել ազգասիրությամբ ու հայրենասիրությամբ: Եվ եկեղեցին՝ Քրիստոսի վրա հաստատված, եղել ու մնում է պատվարն ու հիմնասյունը մեր ազգային-քրիստոնեական ինքնության, հայ ոգու անպարտելիության և մեր փրկության ու հարատևության: Աշխարհի փոթորկահույզ ընթացքների, հակառակությունների մեջ եկեղեցին նաև այն վայրն է, որտեղ բոլորին խաղաղություն է տրվում, համերաշխության ոգին զորանում, միասնությունն ու միաբանությունը ամրապնդվում: Այստեղ աստվածպաշտական արարողություններին հավաքվում են տարբեր հայացքների, տեսակետների, դիրքորոշումների տեր անձեր, ովքեր օրհնյալ միջավայրում միավորվում են հավատքով, աստվածպատվեր նվիրական զգացումներով:

Ուրախալի այս արարողության առիթով մեր հոգիները վկայում են, որ եկեղեցաշեն ու ազգանպաստ իրագործումների համար երկնառաք բյուր պարգևներ պիտի շնորհվեն հավատավոր ազգիս հայոց ի Հայրենիս և ի Սփյուռս աշխարհի»:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ

Նույն շարքից