Հայաստան 

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի մեկնաբանությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ

analitik.am

Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր քաղաքական գործընկերոջ տեսակետներին և բարձրացրած հարցերին: Մենք վերահաստատում ենք մեր տեսակետը, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային և հրապարակային միջոցառում:

Այս մասին ասվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մեկնաբանության մեջ։ 
 

«Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս ընդգծել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը լիարժեք տիրապետում է երկրում առկա աննախադեպ դժգոհությունների ողջ ծավալին: Մենք առաջ ենք շարժվում սառը հաշվարկված, գրագետ քայլերի ճանապարհային քարտեզով, որպես հիմնական նպատակ ունենալով երկրում արմատական և անշրջելի փոփոխությունների իրականացումը, ժողովրդի բարեկեցության բարձրացումը և Հայաստանի Հանրապետության ուժեղացումը:

Ամբողջ երկրով մեկ բացվող համաժողովրդական շարժման գրասենյակները նպատակ ունեն հզորացնելու շարժման ռեսուրսները, մոբիլիզացնելու ողջ ժողովրդին, նորանոր սոցիալական խավեր և հասարակական շերտեր ներգրավելու համաժողովրդական պայքարին:

Շարժմանը միացող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների աննախադեպ ծավալը վկայում է, որ փոփոխությունների գաղափարը օր օրի լայնորեն տարածվում է Հայաստանում և սփյուռքում: Որևէ շարժում չի հասել հաջողության առանց լուրջ կազմակերպչական աշխատանքի:

Մենք կարևորում ենք նաև հզոր զանգվածային միջոցառումները, որոնք անպայման լինելու են և որտեղ ժողովրդի ձայնը կհնչի շատ ավելի հզոր, քան երբևէ:

Համաժողովրդական շարժումն իր բոլոր նպատակներին հասնելու է խաղաղ և անցնցում ճանապարհով: Եվ մեր հաղթանակը որևէ մեկի մոտ կասկած չի կարող հարուցել»,-ասվում է մեկնաբանությունում:

Նույն շարքից