Քաղաքականություն 

Սա ողբերգություն է

analitik.am

Անշարժ Գույքի Կադաստրի Պետական կոմիտեի պետ Սարհատ Պետրոսյանի հրաժարականը մեկ այլ պատուհան է դեպի իշխանության ապիկարության և ողբերգություն: Ողբերգություն է, որ այս կառավարությունը շարունակում է նախկինների գիծը, որ հրաժարական է տալիս այս իշխանության լավագույն և ամենաազնիվ մասնագետներից մեկը: Հրաժարական է տալիս, որովհետև որքան էլ որ քաղաքակիրթ ձևակերպումներ տա և ֆորմալ շնորհակալություն հայտնի վարչապետին վստահության համար՝ իր վստահությունն է, որ չարաշահվել է և անթույլատրելի գիծ վարվել վարչապետի և իր իշխանության կողմից: Պետրոսյանի կողմից՝ իր հայտարարությունում դեռևս մակերեսայնորեն նշվող անթույլատրելի մոտեցումները ցույց են տալիս, որ շարունակվում է մինչհեղափոխական գիծը, որ «հեղափոխություն» ընդհանրապես չի էլ եղել: Սա ուժեղ հարված է այս իշխանությանը և Սարհատին անշուշտ, փորձելու են մյուս հեռացածների պես վարչապետի պիտակավորմամբ «ծայրահեղ ոչ կոմպետենտ» բնորոշել, բայց դա միայն իրենց ոչ կոմպետենտության մասին է խոսելու: Որքան էլ Սարհատը չուզենա խնդիրը քաղաքականացնել՝ սա քաղաքական խորագույն ճգնաժամի և քաղաքական լրջագույն վատթարացման արգասիք է և վկայություն:

Այն՝ ինչ մենք ահազանգում էինք դեռևս ամիսներ առաջ՝ հիմա իրականություն է դառնում: Ներկայիս իշխանությունը դառնում է նախկին ռեժիմի շարունակություն, իսկ հեղափոխական, բարոյական և մասնագիտական որակներն ու մոտեցումները պսևդոհեղափոխականների կողմից դառնում են անհանդուրժելի: Միջակությունն ու ցածրորակությունը խժռում են որակն և ազնվությունը և երկիրը կանգնեցնում նոր ու վտանգավոր մարտահրավերների առջև:

Սարհատ Պետրոսյանն, այնուամենայնիվ, իր հրաժարականով մարտավարական մասնակի վրիպակ է թույլ տալիս: Անհրաժեշտ էր ներսից պայքարել, փորձել կռիվ տալ պետական ապարատի հրեշայնացման դեմ և այնուամենայնիվ սեփական դրական գաղափարներից գոնե ոմանք իրականություն դարձնել: Իսկ եթե իրավիճակն այնքան անտանելի էր դարձել, որ իրոք այլևս անհնար էր աշխատել, ապա հեռանալը պետք է առավել աղմկոտ լիներ, որպեսզի գոնե այդ քայլը սթափեցման կոչ լիներ իշխանությանը կամ՝ իրազեկման և աչքերի բացման գործողություն՝ ուղղված ժողովրդին:

Ամեն դեպքում իրականությունը հետևյալն է. Հայաստանը իշխանությունում կորցրեց ևս մեկ բարձր պրոֆեսիոնալի, որ ունակ էր լուրջ փոփոխություններ կատարել և կորցրեց, որովհետև նախկինացող նոր համակարգը խժռեց նրան:

Մեզ առավել դժնդակ ժամանակներ են սպասում և երկրին բոլորովին նոր մոտեցումներ են անհրաժեշտ:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան

Նույն շարքից