Հայաստան 

Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակը Էրդողանին անազնիվ ու պատվազուրկ է անվանել

analitik.am

Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Մարալ Աքշեները երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անազնիվ եւ պատվազուրկ մարդ է անվանել:


 Այս մասին հաղորդում է  ադրբեջանական axar.az լրատվական կայքը, Աքշեները հայտարարել է Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) Ստամբուլում գտնվող բաժանմունքների ընդհանուր ժողովում, որի անդամ է նաեւ ինքը:


Ժողովին մասնակից կայքի թղթակիցը մեջբերել է Աքշեների հետեւյալ խոսքը. «Վարչապետ եղած ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքում էր Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ կառավարության կողմից բանակցություններ վարվելու փաստը: Այն ժամանակ նա ասել էր, որ եթե նման բան կա, ինձնից անպատիվ մարդ չկա: Այդպես էլ կա, Օջալանի հետ ամեն տեսակի բանակցություններ են տարվում, բոլորը հերթ են կանգնել նրա հետ հանդիպելու համար: Այդ հերթի անունն էլ դուք տվեք»:


Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակը հայտնել է, որ կառավարության նախարարաների զավակները միլիոնատերեր են եւ այդ փողերը նրանք գողացել են ժողովրդից: Նա ասել է, որ Էրդողանն իր համար 1000-սենյականոց պալատ է կառուցել, ինչը ցույց է տալիս, թե ինչքան դժվար վիճակում է այսօր Թուրքիան:


«Թե սրանք ով են, ակնհայտ երեւում է կոշիկի տուփերում նրանց թաքցրած փողերից: Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին եւ 25-ին կոռուպցիայի գործողությունների ժամանակ նրանց ննջասենյակներում միլիոնավոր կանխիկ գումարներ հայտնաբերվեցին», -ասել է նա:


Աքշեները համոզմունք է հայտնել, որ 2015 թվականին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում ներկայիս կոռումպացված կառավարությունը տապալելու ունակ միակ կուսակցությունը ԱՇԿ-ն է:


Մարալ Աքշեները եղել է Թուրքիայի 54-րդ կառավարության ներքին գործերի նախարարը:

Նույն շարքից