Հայաստան 

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ձեռնտու չէ Ադրբեջանին. ԱԳ փոխնախարար

analitik.am

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ձեռնտու չէ այն պետությանը, որը ցանկանում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:


Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար ՇավարշՔոչարյանը՝ պատասխանելով լսումների մասնակիցներից մեկի հարցին այն մասին, թե որքանո՞վ է ձեռնտու Հայաստանի համար անդամակցել մի միության, որի անդամներից մեկը՝ Ռուսաստանը, այս պահին գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ: «Ռուսաստանը առևտրատնտեսական հզոր պոտենցիալ ունեցող երկիր է և որքան էլ պատժամիջոցների տակ է, այնուամենայնիվ,  շարունակում է պահպանել իր պոտենցիալը, իսկ մեզ համար ձեռնտու է սերտ համագործակցել այդպիսի պոտենցիալ ունեցող հզոր երկրի հետ: Ասեմ ավելին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ձեռնտու չէ Ադրբեջանին, որը ցանկանում է մեզ շրջափակման մեջ պահել: Սակայն, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանը միության անդամ երեք երկրներում առևտրատնտեսական լայն գործունեություն իրականացնելու լուրջ հնարավորություններ է ստանում: Իսկ եթե հաշվի առնենք, որ Եվրասիական տնտեսական միությունը պատրաստվում է նաև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրեր ստորագրել այլ երկրների հետ, ապա Հայաստանի հնարավորություններն ավելի են մեծանում»,-  նշեց Քոչարյանը:


Անդրադառնալով մասնակցի մյուս հարցին, թե ինչպե՞ս կարող է Հայաստանը դառնալ միության անդամ, որի անդամ երկրներից երկուսը՝ Բելառուսը և Ռուսաստանը զենք են մատակարարում Ադրբեջանին, Քոչարյանը նշեց, որ տվյալ դեպքում Հայաստանը գործ ունի տնտեսական միության հետ: «Ես կարծում եմ, որ սա այն հարթակը չէ, որտեղ մենք պետք է քննարկենք այդ հարցը»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը:


Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել են խորհրդարանական լսումներ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

Նույն շարքից