Հայաստան 

Կարեն Ճշմարիտյանը Փարիզում կներկայացնի Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները

analitik.am

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 23-ին մեկնել է Ֆրանսիա` մասնակցելու նոյեմբերի 24-ից 28-ը Փարիզում Եվրասիա մրցունակության ծրագրի շրջանակներում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիական շաբաթ 2014-ին, ինչպես նաև ՏՀԶԿ մրցունակության հարցերով Եվրասիական երկրորդ կլոր սեղանին:  ՏՀԶԿ Եվրասիական շաբաթ 2014-ի ընթացքում կայանալիք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցունակության հարցերով Եվրասիական երկրորդ կլոր սեղանի ժամանակ կամփոփվեն ՏՀԶԿ կողմից իրականացված աշխատանքները և կներկայացվի Հայաստանի Հանրապետությունում կատարված մրցունակության բարեփոխումների փորձագիտական գնահատման (peer review) վերաբերյալ զեկույցը` «Անդրազգային ընկերությունների ներգրավում և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» և «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեքի շղթային կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին» թեմաներով:


Զեկույցների ներակայացումից հետո ակնկալվում է ծրագրի երկրորդ` բարեփոխումների իրականացման փուլը: 2015 թվականի սկզբին կնախաձեռնվի ամբողջական հրապարակումների տպագրությունը և կմեկնարկի իրականացման փուլը: ՏՀԶԿ-ն, այս փուլում ևս, իր անմիջական մասնակցությունը կունենա ընթացիկ աշխատանքներին և կաջակցի արդեն իսկ ներկայացված երկու թիրախային ոլորտների գործողությունների ծրագրի փուլային իրականացմանը` ներգրավելով միջազգային դոնոր կազմակերպությունների (այդ թվում` ֆինանսական միջոցներ) և միջազգային փորձագետների:


Ծրագրի իրականացման փուլին հաջորդելու է նաև բարեփոխումների իրականացման մոնիտորինգի գործընթացը:


ՏՀԶԿ եվրասիական շաբաթը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել Եվրասիական տարածաշրջանի և ՏՀԶԿ երկրների կապերը: Սա նաև մի հնարավորություն է առավել տեսանելի դարձնելու ընդլայնված համագործակցությունը թեմատիկ հարցերի բավականին լայն կտրվածքով, որոնք վերաբերում են տարածաշրջանում մրցունակության հետագա բարելավմանը:   


ՏՀԶԿ Եվրասիական շաբաթվա ընթացքում նախատեսվում է ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի նախաձեռնության և ՏՀԶԿ Կենտրոնական Ասիայի նախաձեռնության ղեկավար խմբերի հանդիպում, ինչպես նաև ՏՀԶԿ մրցունակության հարցերով Եվրասիական կլոր սեղանի երկրորդ հանդիպումը:


ՏՀԶԿ Եվրասիական շաբաթ 2014-ի ընթացքում տեղի կունենա նաև գործարար համաժողով` «Բիզնես հնարավորություններ Եվրասիական տարածաշրջանում» խորագրով: Գործարար համաժողովին մասնակցելու են Եվրասիական տարածաշրջանի, ՏՀԶԿ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնես ոլորտի առաջատարներ, միջազգային գործընկեր կազմակերպություններ, թեմատիկ հարցերի գծով փորձագետներ, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, այդ թվում` անդրազգային խոշոր կորպորացիաների գործադիր տնօրեններ, որոնց հետ գործարար կապերի ստեղծումը կարող է հետագայում հիմք հանդիսանալ երկկողմ համագործակցության համար:


Միջոցառման ընթացքում Եվրասիական երկրները ներկայացնելու են իրենց բիզնես հնարավորությունները ՏՀԶԿ երկրների տնտեսվարողների համար երկու ուղղություններով` Եվրասիայի տնտեսական դիվերսիֆիկացում և արդյունաբերականացում և Եվրասիայի տնտեսական ինտեգրացիա և կապակցում գլոբալ արժեքի շղթաներին:


Համաժողովին Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների,  ներդրումային միջավայրի և առկա հնարավորությունների վերաբերյալ ելույթով հանդես կգա ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:


ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային վարչության պետ Վահագն Լալայանը և  էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՓՄՁ բաժնի պետ Արամ Ճշմարիտյանը:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) միջազգային տնտեսական կազմակերպություն է, որը հիմնվել է 1961թ.` խթանելու տնտեսական առաջընթացը և համաշխարհային առևտուրը: Այն տարբեր երկրների համար հարթակ է հանդիսանում փորձի փոխանակման, համընդհանուր խնդիրների վերաբերյալ լուծումների առաջարկության և լավագույն փորձի ձեռքբերման համար: ՏՀԶԿ անդամ է 34 պետություն: ՏՀԶԿ նպատակն է մշակել և տարածել այնպիսի տնտեսական քաղաքականության մոդելներ, որոնք կնպաստեն մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: ՏՀԶԿ կողմից Հայաստանի վերաբերյալ ոլորտային փորձագիտական գնահատում (peer review) կատարվում է առաջին անգամ:

Նույն շարքից