Հասարակություն 

Հունվարի 1-ին վատ ավանդույթ է դառել՝ Նոր տարին լացով դիմավորելու. Գյումրու տուն-ինտերնատի տնօրենը՝ կառույցի լուծարման մասին

analitik.am

 

Գյումրու տուն-ինտերնատն օրերս կենտրոնի լուծարման մասին պաշտոնական գրություն է ստացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

«Հաշվի առնելով կառավարության ծրագրում ներառված ապաինստիտուցիոնալացման գործընթացի, ծառայությունները հասարակական կազմակերպությունների մրցութային կարգով պատվիրակելու, այլընտրանքային համայնքային ծառայությունների ներդրման վերաբերյալ դրույթները, նախարարությունը մշակել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրել «Գյումրու տուն-ինտերնատ պետական ոչ առեւտրային կազմակերպությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի նախատեսվում է լուծարել տուն-ինտերնատը և տարեցներին մատուցվող շուրջօրյա խնամքի ծառայությունները պատվիրակել ոչ պետական կազմակերպության։

 

Ուստի ելնելով վերագրյալից և համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, խնդրում եմ սահմանված կարգով (ՀՀ ԱՕ 115-րդ հոդվածի 1-ին մաս) մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 21-ը ծանուցել ՊՈԱԿ-ի բոլոր աշխատակցիներին աշխատանքից հնարավոր ազատման կամ աշխատանքային պայմանների փոփոխման վերաբերյալ»,- ասվում է հոկտեմբերի 16-ին ստացված գրության մեջ:

 

Analitik.am-ի հետ զրույցում Գյումրու տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը կառույցի լուծարման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ասաց, որ կոլեկտիվը ստեղծել է շահերի պաշտպանության կոմիտե, որը զբաղվում է խնդրով:

 

«Հիմնարկի շենքը մնալու է, խոսքը գնում է անձնակազմի մասին: Այն ծառայությունները, որ մատուցում էր ՊՈԱԿ-ը՝ մատուցելու է մրցույթի ընթացքում շահած ՀԿ-ն, իսկ պետական ֆինանսավորումը շարունակվելու է: Աշխատակազմը 72 հոգի այսօր ծանուցվել է այդ մասին»,-ասաց նա:

 

Աշխատակիցները չեն ստորագրել ծանուցումները, իսկ թե դա ինչ հետևանքներ կունենա՝ տեղյակ չէ, սակայն վստահ է, որ եթե ի սկզբանե մարդկանց տեղեկացնեին, թե ինչ է կատարվում՝ խնդիրն այս ընթացքը չէր ունենա. «Խնդիրն առաջացավ անտեղյակությունից, հանպատրաստիությունից, որ մարդիկ կանգնեցին փաստի առջև»:

 

Ինչ վերաբերում է տուն-ինտերնատում հացադուլ հայտարարած քաղաքացուն, Արմեն Սարուխանյանը հաղորդեց, որ նրան համոզել են հետ կանգնել հացադուլը շարունակելու մտադրությունից։

 

Ի տարբերություն տուն-ինտերնատում բնակվող 157 շահառուների, 72 աշխատակից զրկվելու է աշխատանքից, թեև, ըստ նրա, խոստացել են առաջնահերթության կարգով արդեն նախկին աշխատակիցներին վերցնել աշխատանքի, սակայն 21 թոշակառու և վարչական աշխատակցիները կանգնելու են փաստի առջև՝ նրանց անգամ աշխատանքի հույսեր չեն տվել:

 

Հարցին, թե արդյոք ՀԿ-ներն ունեն այդքան աշխատակից, որ կարողանան տուն-ինտերնատի շահառուներին խնամել, Ա. Սարուխանյանն ասաց, որ տեղյակ չէ, իրենք դեռ 20 հաստիք էլ պետք է պահեին՝ ելնելով պետական չափորոշիչներից և անգամ տեղյակ չէ, թե մրցույթը շահած ՀԿ-ն պահպանելո՞ւ է պետական չափորոշիչները, թե՝ ոչ․ «Տուն-ինտերնատում հաշմանդամություն ունեցողներն այս պահին 85-ն են, 44-ը՝ անկողնային են, ունենք նաև տարիքային խնդիրներով անձինք»,-ասաց նա:

 

«Մարդիկ կորցնելու են աշխատանքը, զարմանալի կլիներ, որ ուրախանային: Հունվարի մեկին վատ ավանդույթ է դառել՝ Նոր տարին լացով դիմավորելու»,- ասաց նա և նշեց, որ պետք է հնարավորություն տային կոլեկտիվին ՀԿ-ն ձևավորել և մասնակցել մրցույթին, սակայն հոկտեմբերին զգուշացվել է, իսկ նոյեմբերին արդեն մրցույթն է և ժամանակ չկա, որ մասնակցեն մրցույթին:

 

Ըստ նրա, տարբեր խոսակցություններ են շրջում, շատ տեղեկություններ խոսակցությունների մակարդակում է և միակ կոնկրետ փաստը՝ գրությունն է, որ ներկայացվել է լուծարման նախագիծ, որի վերաբերյալ ծանուցվել են:

 

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից