Հայաստան 

Վարդան Արամյանը՝ ԵՏՄ անդամակցության մասին

analitik.am

ԱԺ-ում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի թեմայով լսումների ժամանակ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը հայտարարեց, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը մեկ գիշերվա մեջ չի կատարվել, ինչպես բազմիցս հայտարարում են ընդդիմադիր պատգամավորները:

Նա նշեց, որ մետ երկու տարի վերլուծություններ, ուսումնասիրություններ են կատարվել և՛ դեպի ԵՏՄ, և՛ դեպի ԵՄ ուղղություններով:

«Փորձել ենք հասնել այն տնտեսական պոտենցիալը, որի հիմքի վրա մենք կարող ենք ունենալ երկարաժամկետ տնտեսական աճ մեր ազգաբնակչության համար»,-նշեց Արամյանը, ով նկատեց, թե վերլուծությունները կատարվել են ոչ միայն ՀՀ կառավարության, այլև Համաշխարհային ու Եվրասիական բանկերի հետ համատեղ:

Արամյանը նշեց, որ առաջին հանգամանքը, որ նախապատվությունը տրվել է ԵՏՄ-ին, եղել է առևտրի հանգամանքը՝ թե ինչ ապրանքներն են արտահանվում ՌԴ և ինչ՝ ԵՄ: Երկրորդը՝ ֆինանսական կապերն են, մասնավորապես՝ օտարերկրյա ներդրումները, որտեղ մեծ մասը բաժին է ընկնում ԵՏՄ երկրներին՝ ի դեմս Ռուսաստանի: Երրորդ շարժառիթը, ըստ նրա, անձանց կամ աշխատուժի տեղաշարժն է:

Վարդան Արամյանի խոսով՝ ԵՏՄ-ին անդամակցելով՝ կանոնակարգվելու են միգրանտների խնդիրները: Բացի այդ, հնարավորություն է տրվելու ՀՀ-ում կրթություն ստացածներին աշխատել ՌԴ-ում իրենց հայկական դիպլոմներով:

«Մեր դիպլոմներն ավտոմատ պետք է ընդունվեն նաև այնտեղ»,-նկատեց նա:

Բացի այդ, Վարդան Արամյանն ընդգծեց, որ ԵՄ երկրները նախորդ երկու տարիներին տնտեսապես ևս անկում ունեն:

Նույն շարքից