Քաղաքականություն 

Դեմոկրատական կուսակցության չորրորդ բանավեճը

 

Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ Օհայո նահանգում կայացավ նախագահի դեմոկրատական կուսակցության թվով 4-րդ բանավեճը։ Վերջինիս մասնակցում էին ԱՄՆ պատմության մեջ ռեկորդային թվով մասնակիցներ՝ 12 թեկնածու, մինչ այդ ամենաշատը եղել է Հանրապետական կուսակցության 2015թ․ բանավեճի ընթացքում՝ 11։ Բանավեճին մասնակցելու համար թեկնածուներին անհրաժեշտ էր ստանալ նվիրատվություն 130,000 անհատներից և ստանալ առնվազն 2% աջակցություն Դեմոկրատական ազգային համագումարի կողմից հունիսի 28-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հաստատված հարցումներում։ Բանավեճին մասնակցում էին նախորդ բանավեճի 10 թեկնածուները, որոնց միացան Կոնգրեսական Թուլսի Գեբբարդը և միլիարդատեր Թոմ Սթեյերը, ով առաջին անգամ էր հանդես գալիս դեմոկրատական բանավեճում։

 

Մինչ բանավեճը կոնգրեսական Գեբբարդը քննադատել էր բանավեճին մասնակցության համար առաջադրված չափանիշները՝ նշելով, որ Դեմոկրատական ազգային համագումարը և «կորպորատիվ լրատվամիջոցները փորձում են իրենց հսկողության տակ պահել ողջ ընտրական գործընթացը»։ Կոնգրեսականը սպառնացել էր բոյկոտել բանավեճը ի նշան բողոքի, բայց երկուշաբթի առավոտյան հայտնեց բանավեճին իր մասնակցության մասին։

 

Այս բանավեճն առանձնանում էր նախորդ բանավեճերից, նախ այն պատճառով, որ սա առաջին բանավեճն էր, որը հաջորդել էր Թրամփի դեմ սկսված իմպիչմենտի գործընթացին, և սրանով էր պայմանավորված այն փաստը, որ այս բանավեճի ընթացում Թրամփի անունը կրկնակի ավել էր հնչել, քան նախորդի ժամանակ։ Ամենաշատը Թրամփին հիշատակել էր Քամալա Հարրիսը (11 անգամ), իսկ այն թեկնածուները, ովքեր նախորդ բանավեճին ամենից քիչն էին շոշափել Թրամփի անունը (Կլոբուշար-0, Բութիջիջ-1, Էնդրյու Յանգ-2), այս անգամ ավելի հաճախ անդրադարձան նրան (Կլոբուշար-7, Բութիջիջ-8, Յանգ-9)։

 

Բանավեճի առաջին հարցը հենց վերաբերում էր իմպիչմենտին, որին կողմ էին ներկա բոլոր թեկնածուները։ Առաջատար թեկնածուներից Էլիզաբեթ Ուորենը նշեց, որ Մյուլերի 442 էջանոց զեկույցը կարդալուց հետո, իր համար ակնհայտ դարձավ, որ Թրամփը բազմիցս խոչընդոտել էր արդարադատությանը։ Բերնի Սանդերսը իր հերթին Թրամփին բնորոշեց որպես ԱՄՆ պատմության մեջ ամենակոռումպացված նախագահ։ Այս բնորոշմանը համաձայնեց նաև Բայդենը։ Իր տեսակետներով դեմոկրատ մյուս թեկնածուներից առանձնանում է Թուլսի Գեբբարդը, որի համար հայտնվել է քննադատությունների թիրախի կենտրոնում։ Թեև նա այժմ կողմ է Թրամփի դեմ իմպիչմենտի իրականացմանը, այնուամենայնիվ Գեբբարդը արդարացիորեն նշեց, որ «իմպիչմենտի մասին կոչերը սկսեցին հնչել ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո, և որքան էլ դա մեզ՝ որպես դեմոկրատների դուր չգա, նա հաղթել է 2016թ-ի այդ ընտրություններում»։

 

Իմպիչմենտի հարցի քննարկման ժամանակ անմասն չէր կարող մնալ փոխնախագահ Բայդենը, ով կենտրոնական դեր ունի այս խնդրում։ Վերջինս հայտարարել էր, որ նախագահ դառնալու պարագայում թույլ չի տա իր ընտանիքի որևէ անդամի ներգրավվել օտարերկրյա բիզնեսում և իրեն ուղղված այն հարցում, թե ինչու է դա խնդրահարույց նախագահի դեպքում, բայց խնդիրներ չէր առաջացնում փոխնախագահ Բայդենի համար, վերջինս տվեց կարճ պատասխան առ այն, որ ինքը և իր որդին ոչ մի սխալ բան չեն արել։ Խուսափելով հարցին առավել հստակ պատասխան տալուց՝ նա սկսեց մեղադրանքներ ներկայացնել Թրամփին, որ վերջինիս պատճառով օտարերկրյա ուժերը 3 անգամ միջամտել են ԱՄՆ ընտրություններին։

 

Հաջորդ կարևոր հարցը արտաքին քաղաքական էր, մասնավորապես կապված Սիրիայից Թրամփի որոշմամբ ԱՄՆ զորքերի դուրսբերման և քրդերի ջարդի հետ։ Փոխնախագահ Բայդենը զորքերի դուրսբերման որոշումը որակեց որպես «ամենաամոթալի արարք, որ որևէ նախագահ կատարել էր ժամանակակից պատմության մեջ»։ Այս հարցի շուրջ տեսակետների բախում տեղի ունեցավ Թուլսի Գեբբարդի և Փիթ Բութիջիջի միջև։ Վերջինս մեղադրեց Գեբբարդին Դ. Թրամփի վարած քաղաքականությանը սատարելու մեջ։ Իսկ սենատոր Կլոբուշարը նշեց, որ Թրամփն իր այդ արարքով ոչ թե Ամերիկան է հզորացնում, այլ Ռուսաստանին։

 

Երրորդ կարևոր հարցի շրջանակներում քննարկվեց թեկնածուների տարիքի ու առողջական վիճակի համապատասխանելիությունը նախագահ դառնալու հետ։ Այս հարցը բարձրացվեց այն պատճառով, որ թեկնածուներից սենատոր Բերնի Սանդերսը վերջերս սրտի կաթված էր ստացել և այդ հանգամանքը քննարկելու անհրաժեշտություն էր առաջացել, առավել ևս, որ առաջատար երեք թեկնածուները պատկառելի տարիքի են (Ջորջ Բայդեն-76տ․, Բերնի Սանդերս-78տ, Էլիզաբեթ Ուորեն-70տ․)։ Բերնի Սանդերսի վրա չկենտրոնանալու համար հարցը տրվեց նաև մյուս թեկնածուներին, բացառություն չկազմեց նաև ամենաերիտասարդ թեկանածու՝ Թուլսի Գեբբարդը։

 

Գեբբարդն իր հերթին նշեց, որ այստեղ կարևոր հարցն այն է, թե որքանով է թեկնածուն համապատասխանում գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանձնելուն՝ նշելով նախկինում ունեցած իր համապատասխան փորձը, այնուհետև հարց ուղղեց սենատոր Էլիզաբեթ Ուորենին՝ ցանկանալով իմանալ նրա փորձն այս ոլորտում, սակայն հաղորդավարը նրան ընդհատեց՝ օգնելով Էլիզաբեթ Ուորենին խուսափել այդ հարցին պատասխանելուց։ Թուլսի Գեբբարդի նկատմամբ ակնհայտ բացասական վերաբերմունքի գագաթնակետը դարձավ բանավեճից հետո Հիլարի Քլինթոնի կողմից ակնարկն առ այն, որ ռուսները պատրաստվում են դարձնել նրան երրորդ կուսակցության թեկնածու, ինչին հետևեց Գեբբարդի կոշտ արձագանքը Քլինթոնին։ Ավելի վաղ New York Times-ում հրապարակվել էր հոդված, որտեղ նույնպես Թուլսի Գեբբարդը մեղադրվում էր ռուսների հետ կապ ունենալու մեջ։

 

Բանավեճի ընթացքում Էլիզաբեթ Ուորենին իր հարցը կարողացավ ուղղել Քամալա Հարիսը, ով կոչ արեց Ուորենին միանալ իրեն և միասին դիմել Թվիթերին՝ նախագահ Դ. Թրամփի թվիթերյան էջը փակելու համար, սակայն Ուորենը ձեռնպահ մնաց այս նախաձեռնությանը միանալուց։

 

Ընդհանուր առմամբ բանավեճի ընթացքում առավել շատ խոսելաժամանակ ստացավ Էլիզաբեթ Ուորենը- 23 րոպե։ Երկրորդ տեղում է փոխնախագահ Բայդենը- 16 րոպե։ Բանավեճի արդյունքում, ըստ որոշ հարցումների, առաջատարն է հենց Էլիզաբեթ Ուորենը, մասնավորապես մի հարցման ընթացքում, որտեղ հարցվողները պետք է գնահատեին բանավեճի մասնակիցներին առավելագույնը 4 միավորով, Էլիզաբեթ Ուորենը ստացել է ամենաբարձր միավորը՝ 3․2, նրան հետևել են Բերնի Սանդերսը և Փիթ Բութիջիջը՝ 3.1 միավորով, իսկ Ջո Բայդենը ստացել է 3 միավոր։ Այնուամենայնիվ, բանավեճից հետո չկա միանշանակ կարծիք, թե ով է առաջատար թեկնածուն։ Եթե մի հարցման տվյալներով Ջո Բայդենի օգտին պատրաստ են քվեարկել հարցվողների 56․5%-ը, իսկ Էլիզաբեթ Ուրենի օգտին՝ 52․1%-ը, ապա CNN-ի տվյալներով Էլիզաբեթ Ուորենը արդեն իսկ առաջ է անցել և կլինի 2020 դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն։

 

Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուների միջև 5-րդ բանավեճը տեղի է ունենալու նոյեմբերի 20-ին, որին մասնակցելու համար արդեն իսկ առաջադրվել են որոշակի չափանիշներ։ Մասնավորապես՝ բանավեճին մասնակցելու համար թեկնածուները նախ պետք է ստանան նվիրատվություն 165 հազար անհատներից, այդ թվում 600-ը՝ 20 նահանգներից։ Երկրորդը, Դեմոկրատական ազգային համագումարի կողմից հաստատված 4 հարցումներում պետք է առնվազն 3% ձայն հավաքեն կամ նախնական ընտրությունների 4 նահանգների (Այովա, Նյու Հեմփշիր, Նևադա, Հարավային Կարոլինա) 2 հարցումներում՝ 5%։ Վերոնշյալ շեմը հաղթահարել և հաջորդ բանավեճում իրենց մասնակցությունն արդեն իսկ ապահովել են Ջո Բայդենը, Էլիզաբեթ Ուորենը, Բերնի Սանդերսը, Քամալա Հարիսը, Քորի Բուքերը, Փիթ Բութիջիջը, Էնդրյու Յանգ և Թոմ Սթեյեր։

 

Armenian Center for American Studies

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից