Տեսանյութեր Քաղաքականություն 

Լևոն Տեր-Պետրոսյանն ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի խիզախություն ունի․ Շարմազանով

analitik.am

 

Էդուարդ Շարմազանովի կարծիքով, անընդունելի է Արցախյան ազատամարտը, թուրքի ու ադրբեջանցու նկատմամբ հաղթանակը հավասարեցնել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետ, ինչն անում են այսօրվա իշխանությունները:

 

Շարմազանովը խոսեց նաև Վիտալի Բալասանյանի մասին՝ հայտարարելով, որ վերջինս Արցախյան հերոսամարտի հերոս է. «Նրա նկատմամբ այն հարձակումը, որը տեղի է ունենում Փաշինյանի կողմնակիցների միջոցով, դա ոչ այլ ինչ է, քան՝ Արցախյան հերոսամարտի ու հաղթանակի արժեքի նվազեցում»:

 

Շարմազանովը խոսեց նաև Արցախյան հիմնահարցի մասով Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետի մասին՝ հայտարարելով, որ այդ հարցում երբեք առաջին նախագահի ջատագովը չի եղել, բայց ինքը կոռեկտություն ունեցող գործիչ է. «Լևոն Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է, նա ունեցել է ու ունի իր կարծիքը: Նա, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ունի խիզախություն ասելու իր կարծիքը՝ անկախ նրանից, թե այն ում դուր կգա: Տեր-Պետրոսյանը դեռ 1995 թվականին ասել է, որ դեմ չի լինի, եթե Արցախը որպես ինքնավար պետություն լինի Ադրբեջանի կազմում: Հետագայում նրա գործընկերները փորձեցին դա ներկայացնել որպես մարտավարական քայլ, սակայն ես փաստերն եմ ներկայացնում: Իսկ Նիկոլ Փաշինյանն առհասարակ տարբեր բաներ է ասում: Նա առավոտյան մի բան է ասում, երեկոյան մեկ այլ բան, ՄԱԿ-ում մի բան է ասում, Ստեփանակերտում՝ մեկ այլ բան: Սա խայտառակություն է»:

 

ԱԺ Նախկին փոխխոսնակը կարծում է, որ պետական գործիչը պետք է լինի կանխատեսելի. «Չի կարող ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ասել, որ ապրիլյանն Ադրբնեջանի ԵԱՏՄ մտնելու մասին է, քննադատել ու ձեռ առնել ՀԱՊԿ-ին, իսկ վարչապետ դառնալուց հետո ՀԱՊԿ-ի հանձնաժողովներում 11 անգամ «սպասիբո»-ներ ասի: Դու կամ կողմ ես, կամ դեմ, ընգեր ջան: Օրինակ ես միշտ կողմնակից եմ եղել ՀԱՊԿ-ին»:

 

«Փաշինյանը 2018 թվականին գնաց Արցախ ու ասաց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, համանախագահները նրան քննադատեցին, նա լռեց: Որևէ մեկդ նրա կողմից լսե՞լ եք, որ Ստեփանակերտը պետք է բանակցային սեղան վերադառնա: Այս էջը փակվեց: Նիկոլ Փաշինյանը կանգնեց ԱԺ-ում ասաց, որ հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի նաև Ադրբեջանին: Հետո գնաց Ստեփանակերտ, ասաց «Արցախը Հայաստան է և վերջ»: Ինչո՞ւ տեր չկանգնեց իր հայտարարությանը: Դրանից հետո գնաց ՄԱԿ ու հայտարարեց, որ լուծումը պետք է ձեռնտու լինի նաև Ադրբեջանին: Հիմա ես՝ միամիտ լոռեցի ընդդիմադիր գործիչս, Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունեմ: Մեր խեղճ դեսպանները պետք է ներկայացնեն մեր ազգային պետական օրակարգը, հիմա ի՞նչ են ասելու: Տվյալ երկրի ԱԳՆ-ն դեսպանին ասելու է, որ ձեր վարչապետը տարբեր հայտարարություններ է անում: Այս աջաբսանդալի մեջ նույնիսկ մեր պրոֆեսիոնալ դիվանագետները չեն կարողանում հասկանալ, թե Փաշինյանն ինչ է ուզում»:

 

 

 

Նույն շարքից