Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը դուխ չունի. Էդուարդ Շարմազանով

analitik.am

 

Անկախ Նիկոլ Փաշինյանի ցանկությունից, մենք արտախորհրդարանական ամենակազմակերպված և ընտրություններում ամենաշատ ձայն ստացած ընդդիմությունն ենք: Մենք 4-րդ ուժն ենք այն ընտրություններում, որոնք տեղի են ունեցել տեռորի, ատելության պայմաններում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

 

Շարմազանովը պնդեց, որ ՀՀԿ-ն այսօրվա վարչակարգի ամենաայլընտրանքային կուսակցությունն է. «Ավելին՝ այսօրվա իշխանությունը խորհրդարանում ամբողջական ընդդիմադիր ֆրակցիաներ չունի: Կան առանձին ընդդիմադիրներ, սակայն խմբակցություն չկա, քանի որ ինձ համար ընդդիմադիր են նրանք, ովքեր չեն ողջունել իշխանափոխությունը»:

 

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դրական փոփոխություններ չեն եղել, Շարմազանովն ասաց, որ միշտ տարբերակում է առաջնայինը երկրորդականից. «Երբ Ալիևը հայտարարում է, որ Նախիջևանում 11 հազար հեկտար անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, երբ Արցախի հերոսները ձերբակալվում են, երբ իմ երկրի ոչ բարով ղեկավարը հայտարարում է, թե Արցախում կան դավադիր ուժեր՝ նկատի ունենալով հող ազատագրողներին, չեմ կարող դրական բաներ ասել: Ես չեմ կարող գովաբանել մի իշխանության, որը հասարակությունը բաժանում է սևերի և սպիտակների, որն ատելություն է քարոզում, որի վարչապետը, լինելով նախկին լրագրող, դուխ չունի քննադատել Հայելի ակուբի վրա հարձակված երիտասարդներին, որի վարչապետի հրահանգով ու մասնակցությամբ դատարաններ են շրջափակում, որի վարչապետը դուխ չունի քննադատել իր գործընկերների ընտանիքների վրա հարձակումը»:

 

Շարմազանովը վստահ է, որ Հայաստանում առկա խնդիրներից դուրս գալու համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում չի եղել, որ մի մարդու գրպանում լինի խորհրդարանի 80 տոկոսը. «Դա վտանգավոր է՝ անկախ նրանից, թե ով է այդ մարդը: Այսօր Հայաստանում իշխանության տարանջատում չկա: Իհարկե մեր օրոք ամեն ինչ իդեալական չի եղել, սակայն մեր իշխանությունն անցյալում է ու մեր հայացքները չպետք է միշտ լինեն անցյալում»:

 

 

 

Նույն շարքից