Հայաստան 

Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաք

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին այցելել է Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաք:

Նախագահը ծաղկեպսակներ է դրել քաղաքում կառուցվող 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանին և հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Սողոմոն Թեհլերյանի շիրիմին: 

Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Նույն օրը Նախագահն այցելել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն և հանդիպել պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահն անդրադարձել է նաև ԼՂՀ արտաքին և ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաեւ պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին:

 

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ֆրեզնոյի հայ համայնքի ներդրումն Արցախին սատարելու գործում և հավելել, որ Ֆրեզնոն, լինելով կարևորագույն հայ գաղթօջախներից մեկը, շոշափելի դերակատարություն ունի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման մեջ:

Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից