Հասարակություն 

Առարկություն չենք կարող ունենալ. Լիլիթ Մակունցը՝ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

analitik.am

 

Մենք որևէ առարկություն չենք կարող ունենալ, եթե իրավապահ մարմինները գտնում են, որ գործի քննության, հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է ներգրավել Արսեն Բաբայանին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի ձերբակալության մասին:

 

Մակունցի խոսքերով, հարցը բացառապես իրավական հարթության մեջ է:

 

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին: Նրա պաշտպաններն արդեն բողոքարկել են ձերբակալման որոշումը:

 

ՀՔԾ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:

 

Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բ.-ն:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից