Հասարակություն 

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Արսեն Բաբայանը հնարավոր է ձերբակալվել է դատական սխալի արդյունքում

 

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խոսելով Արսեն Բաբայանի ձերբակալության մասին և պատասխանելով պնդումներին, որ դա ուղիղ քաղաքական ճնշում է, և իշխանությունները փորձում են ամեն կերպ հասնել Հրայր Թովմասյանի հեռանալուն, ասաց, թե ամեն ինչ հնարավոր է, բացի նրանից, որ սա քաղաքական ճնշում է:

 

«Ամեն ինչ հնարավոր է՝ դատական սխալ, դատական ճիշտ, համաչափ լինել: Ամեն ինչ հնարավոր է, բայց ոչ քաղաքական ճնշում: Հայաստանում որևիցե քաղաքական միջամտություն չի կարող լինել: Ցավով եմ իմացել այդ լուրը»,-ասաց Սիմոնյանը:

 

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին: Նրա պաշտպաններն արդեն բողոքարկել են ձերբակալման որոշումը:

 

ՀՔԾ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:

 

Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բ.-ն:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից