Հայաստան 

Ջոն Հեֆերնը ԵԱՀԿ Մինսկի խմբին կենսունակ միջնորդ է համարում

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խումբը կենսունակ միջնորդի դերում է: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը`«Թվիթեր»-ում #chatwamb հաշթագով մեկժամյա քննարկման ընթացքում: Քննարկմանը մասնակցել են նաեւ  Լատվիայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հիսթեան և մեր երկրում Միացյալ Թագավորության դեսպանությունը: Նրանք անդրադարձել են տարբեր հարցերի, քննարկված թեմաներից մեկն էլ առնչվել է ղարաբաղյան հակամարտությանն ու այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:


Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին առնչվող հարցերին պատասխանող ԱՄՆ դեսպան Հեֆերնը, ով հիշեցրել է վերջին դեպքերի առնչությամբ Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարությանը`լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ: «Համանախագահները կոչ են արել կողմերին վերակենտրոնացնել ջանքերը խաղաղ և տևական կարգավորման նպատակով բանակցային փուլում, ինչը բխում է բոլորի շահերից»,- հիշեցրել է Հեֆֆերնը: Նա անդրադարձել է համանախագահների` զսպվածություն ցուցաբերելու և շփման գծում ճնշումն ավելացնող գործողություններից խուսափելու վերաբերյալ հայտարարությանը: «Մինսկի խումբը կոչ է անում կողմերին զերծ մնալ ռազմական հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից և աջակցել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին»,- նշել է դեսպանը: Անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը և դրա արդյունքներին` նա հավելել է, որ հիմնախնդրի կարգավորման համար կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն, իսկ Մինսկի խումբը պարզապես կենսունակ միջնորդի դերում է գտնվում:


ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցին անդրադարձել է նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Ջեյն Լիչը, ով իր պետության աջակցությունն է հայտնել համանախագահների հայտարարություններին և մարդասիրական հարցերում ԿԽՄԿ ջանքերին:

Նույն շարքից