գլխավոր Հասարակություն 

Կրկին թիրախավորվել է ընտանիքը. ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում:

 

Այս նախագիծն ուղղված է ԸՆՏԱՆԻՔ ինստիտուտի դեմ: Այսպես՝

 

Նախարարությունն առաջարկել է օրենքի վերնագրից հանել «ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ» բառերը և դրա հետ կապված ընթացակարգը վերացնել: Նախարարությունը գտել է, որ Օրենքում հաշտեցման ընթացակարգի սահմանումը գործնականում խոչընդոտում է բռնության ենթարկված անձանց հասնելու արդյունավետ իրավական պաշտպանության և խախտված իրավունքի վերականգնման:

 

Նախարարությունն առաջարկել է «ընտանիքի անդամներ» հասկացության մեջ ներառել նաև «զուգընկեր»-ը, որի տակ նախարարությունը հասկանում է «միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ»:

 

Նախարարությունն առաջարկել է ապաստարանների հիմնադրման իրավունքը վերապահել նաև առևտրային կազմակերպություններին:

 

Նախարարությունն առաջարկել է փոխել և արդյունքում հանել հետևյալ դրույթը՝ «ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ՝ առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի»:
****************************************************************

Այս փոփոխությունները (մի քանիսին դեռ չեմ անդրադարձել) հանգեցնելու են հետևյալ բացասական հետևանքներին՝

 

Ընտանիքում համերաշխության վերականգնման քաղաքականության վերացմամբ փոխվում է պետության նախկինում որդեգրված համեմատաբար ընտանիքակենտրոն մոտեցումը:

 

«Զուգընկեր» եզրույթի ներմուծումն ազգային իրավական համակարգ ոչ միայն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և Ընտանեկան օրենսգրքին, այլև փաստացի ենթադրում է ընտանեկան իրավահարաբերությունների նոր սուբյեկտների ճանաչում, որոնք կարող են լինել նաև նույնասեռ անձինք։ Ընտանիքը սահմանադրորեն բացառապես տղամարդու և կնոջ կամավոր միություն է։ Նույնասեռ անձանց միությունը չպետք է հավասարեցվի ընտանիք հասկացությանը:

 

Ապաստարանները հաստատություններ են, որոնցում քննարկվող օրենքով սահմանված դեպքերում և կարգով տեղավորվում են ընտանիքում բռնությունից տուժածները։ Այս հաստատությունները մարդասիրական և բարեսիրական բնույթ ունեն և կատարում են որոշակի հանրօգուտ սոցիալական գործառույթ, որն ուղղակիորեն կապված է մարդու անձական կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների գաղտնիության և անգամ կյանքի և առողջության պահպանման իրավունքների հետ։ Ուստի՝ ակնհայտ է, որ ապաստարանների հիմնադիրները չեն կարող լինել շահույթ հետապնդող սուբյեկտները։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է նաև առևտրային կազմակերպություններին տալ ապաստարաններ հիմնադրելու իրավունք, ինչը հղի է սույն կարևոր սոցիալական գործառույթի առևտրայնացմամբ և կոռուպցիայի ու չարաշահումների համար պարարտ հող է ստեղծում՝ դրանից բխող հետևանքներով։

 

Ծնողներ ունեցող երեխաներին հնարավորություն կունենան առանց ծնողների տեղավորել ապաստարանում: Մինչդեռ գործող օրենքով առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ կարող է երեխան տեղավորվել ապաստարանում:

 

ՊԵՏՔ Է ՄԵՐԺԵԼ ԱՅՍ ՆԱԽԱԳԻԾԸ:

 

Հ.Գ. Ազգային արժեքների դեմ ուղղված որոշ պաշտոնատար անձանց հետևողական վարքագիծն արդեն անհանգստացնող է:

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից