Հայաստան Քաղաքականություն 

Մի՛ փորձեք ինձ սպառնալ, ինքներդ ձեզ եք մատնում և ձեր շարժառիթները բացահայտում. Ռուբեն Հայրապետյան

Քրեական գործ «պատվիրելու» տապալված փորձից հետո քաղաքական հեքիաթներ են հորինվում. ուրիշ ի՞նչ անհաջող գաղափարներ կան

 

Վերջին օրերի ընթացքում նկատում եմ, թե ինչպես են հովանավորչական և ընտանեվարական կապերով մի փոքր խումբ մարդիկ, ոտնահարելով հեղափոխության արժեքները, համատեղ ջանքերով տարբեր հարթակներում փորձեր կատարում իմ անվան շուրջ կեղծ քաղաքական «մոտիվներ» ստեղծել՝ շատ լավ իմանալով, որ դա սուտ է: Հատկապես ծիծաղելի է, երբ այդ գործով զբաղվում են նրանք, ովքեր խմբավորվել են հենց անձնական-քաղաքական շարժառիթներով և միմյանց աջակցելով հետապնդում են նեղ խմբային շահեր, ինչի մասին գրեթե բոլորը գիտեն: Ինձ համար անգամ տհաճ է այդ ամենի մասին ավելի մանրամասն խոսելը, և դա իմ ոճը չէ: Լա՛վ, բայց այդքա՞ն մեծ ցնորք, քաղաքակա՞ն, և դա դո՞ւք եք ասում:

 

Այդ մարդկանց ուղեղում չի տեղավորվում նաև, թե ինչպես կարող են ուսանողներն ու շրջանավարտներն այսքան երկար և անշահախնդիր պայքարել: Հետևաբար՝ փորձում են նաև նրանց պայքարն արատավորել՝ խեղաթյուրված տեղեկատվություն տարածելով: Ես երբե’ք չեմ լքելու ու հիասթափեցնելու այս ֆանտաստիկ ուսանողներին, ճիշտ այնպես, ինչպես իրենք ինձ չեն լքում:

 

Ակնհայտ է, որ, հակափաստարկներ չունենալով արդարության համար պայքարող մարդկանց պնդումներին, հայտնվելով փակուղու մեջ, հասկանալով, որ, ի հեճուկս իրենց հույսերի, ուսանողներն ու շրջանավարտները չեն լռում, և չիմանալով, թե ինչ պատասխանել, փորձում են քողարկել իրական խնդիրը, ստեղծագործել նոր «խնդիրներ» և մարդկանց ուշադրությունը շեղել բուն թեմայից:

 

Հարգելինե՛րս, մի՛ արեք այդ էժան քայլերը, դրանցով դուք ուսանողներին ավելի շատ եք հիասթափեցնում, և նաև մի՛ փորձեք ինձ սպառնալ, ինքներդ ձեզ եք մատնում և ձեր շարժառիթները բացահայտում: Եթե նման ճղճիմ սպառնալիքներն ինձ վրա ազդելու լինեին, ես երբեք չէի սկսի համալսարանի բարեփոխումների այդ ծանր, ռիսկային և անշնորհակալ գործընթացը. գոնե այդքանը հասկացեք և իզուր մի՛ ցնցվեք: Վնասել, իհարկե, կարող եք, դա ձեզ մոտ լավ է ստացվում, այդ ուղղությամբ աշխատեք: Բայց ինձ կոտրելու կամ վախեցնելու մասին մոռացե՛ք:

 

Իսկ ավելի լավ է՝ ձեր անմիջական գործով զբաղվեք և փորձեք օգուտ տալ հանրությանը: Այդ դեպքում ձեզ համար ևս առանց քաղաքական շարժառիթների պայքարողներ միգուցե կգտնվեն, և այդքան չեք զարմանա:

 

Հ.Գ.
Վստահ եմ, որ նոր Հայաստանում այսպիսի նեղ խմբային արշավները մերժվելու են մեր գործընկերների մեծամասնության կողմից, և դրանց շուտով տրվելու է պատշաճ գնահատական:

ԵՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից