Ռուսաստանի Ճանապարհային ոստիկանությունում և Միգրացիոն ծառայությունում մինչև 2030 թվականը կարող են հայտնվել ռոբոտ ոստիկաններ: Նրանք տարբեր հարցերի շուրջ խորհուրդներ կտան քաղաքացիներին, ինչպես նաև կվերցնեն մատնահետքեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ինտերպոլիտեխ» ցուցահանդեսում արտադրող կազմակերպության ներկայացուցիչ Կոնստանտին Պոկլադոկին:
Նա նշել է, որ Promobot անունը կրող ռոբոտը, որն արտադրվում է Պերմում, ներկայումս Ռուսաստանի առաջին և նմանօրինակ արտադրանքն է։ Այն նախատեսված է մարդաշատ վայրերում աշխատանքի համար։
Ստեղծողներն աշխատում են «թվային ոստիկանություն» կոնցեպտում այն ներգրավելու ուղղությամբ։
«Այն լրացուցիչ սարքավորումները, որոնք մենք կարող ենք տեղադրել, թույլ կտան լուծել տարբեր խնդիրներ։ Այս դեպքում տեղադրված է մատնահետքերի և փաստաթղթերի սքան։ Ռոբոտը կարող է սքանավորել մատնահետքը և համեմատել այն տվյալների բազայի հետ»,-ասել է Պոկլադոկը։
Նա նշել է նաև, որ ռուսական Promobot-ը բացարձակապես ինքնավար է․ մարդու կողմից կառավարման անհրաժեշտություն չկա։
Ռոբոտը ճանաչում է նաև մարդկանց ձայնն ու տեսքը, շփվում, ինքնուրույն շարժվում և կապվում տարբեր ծառայությունների ու տվյալների բազաների հետ:
«Ինտերպոլիտեխ» ցուցահանդեսի արդյունքներով հնարավոր է համաձայնագիր կնքվի ՆԳՆ-ի և ռոբոտի ստեղծողների միջև։