գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Գագիկ Հարությունյանը հերքում է, թե իրեն պարտադրել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում հերքել է, թե անցած տարի իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, որպեսզի Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա ՍԴ նախագահ դառնալ մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։ Նպատակն, ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) այն էր, որ Թովմասյանը պաշտոնավարեր ոչ թե վեց տարի, այլ՝ մինչև 70 տարեկանը։

«Հասկանալու բարդություն չկա։ Ես այդ մասին ասել եմ, որ ես ամսի 28-ին ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի, որ հարմար չէ՝ Սահմանադրական դատարանի նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ։ Ուղղակի [ՍԴ] նախագահի լիազորությունները վայր դրեցի, որը իմ իրավունքն է, և որևէ օրենքով էլ նախատեսված չէ հատուկ ընթացակարգ։ Դա իմ իրավունքն է։ Կարող էի ես ընդհանրապես հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել», - ասել է Հարությունյանը:

- Այսինքն, կարող էիք չսպասել՝ Ձեր 70-ամյակը լրանար, և ավելի շուտ հեռանալ այդ պաշտոնից։

- Անշուշտ, դա մարդու իրավունքն է։ Նայեք Սահմանադրության 57 հոդվածը, և նաև դա իմ իրավունքն է։ Ես չեմ ընտրվել նախագահ, հետո դատարանի անդամ (ԲԴԽ), դրանք տարբեր իրավական ակտերով են եղել։ Ես վայր եմ դրել լիազորությունները ՍԴ նախագահի, մնացել եմ անդամ մինչև թոշակի ձևակերպումը։

- Ձեզ չեն ստիպել, որպեսզի այդ քայլին գնաք, որ Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ։

- Դա հեքիաթներ է, հեքիաթների ժանրից է։ Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ։

Այլ հարցերի Գագիկ Հարությունյանը չի պատասխանել:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից