Հայաստան 

Պետք է քրեական գործ հարուցվի ուղղաթիռի անկման գործով և մեղավորները պատժվեն. Ժիրայր Սեֆիլյան

analitik.am

Ըստ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի` ադրբեջանական բանակը որոշեց խոցել հայկական ուղղաթիռն այն պատճառով, քանի որ հակառակորդը շատ լավ տեղեկացված է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը որոշում ունի պատերազմ չվերսկսելու:

«Միայն այս հանգամանքը բավարար է, որ հակառակորդը լինի լկտի, քանի որ գիտի՝ ինչ էլ անի, այսօրվա Հայաստանի ղեկավարությունը չի համարձակվելու պատժել»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նա:

Անդրադառնալով ԼՂՀ-ում անցկացված զորավարժություններին և ուղղաթիռների երթուղուն՝ Ժիրայր Սեֆիլյանն ընդգծեց, որ այստեղ կա հանցակազմ, և միայն քրեական գործ հարուցելու դեպքում դրանք կարելի պարզել, մասնավորապես՝ թե ով էր տվել չեզոք գոտի մտնելու հրամանը:

«Կա կարծիք, որ մեր օդաչուները սխալվել էին, սակայն կասկածով եմ մոտենում, որովհետև մեկ էկիպաժ չէր, երկուսն էին, և սխալվելու հավանականությունը շատ քիչ է՝ հատկապես այն դեպքում, երբ թռչում էին շատ ցածր ու տեսանելիությունը լավ էր: Նաև չեմ կասկածում մեր օդաչուների մասնագիտական վարպետության վրա»,-Ժիրայր Սեֆիլյանը և ընդգծեց, որ իր ինքը կասկածում է, որ ինչ-որ դավադրություն է եղել:

Սեֆիլյանը նաև նշեց, որ կա նաև սահմանը խախտելու դեպքում գործողությունների կարգ. «Հակառակորդը նախ պետք է նախազգուշացում տար, որից հետո նոր գործողությունների դիմեր: Իսկ մերոնք ընդամենը չեզոք գոտում էին»։

Նա նաև անընդունելի է համարում այն, որ օդաչուների մարմինները շուրջ 10 օր մնացին ուղղաթիռ անկման վայրում:

«Ամեն մի զինվորականի համար շատ ծանր է այն, որ աչքիդ առաջ երևում է զինակցիդ մարմինը, իսկ դու չես կարողանում մոտենալ ու վերցնել, որովհետև քաղաքական ղեկավարությունը թույլ չի տալիս: Ամեն օրը բարոյական հարված էր մեր բանակին: Բարեբախտաբար, մերոնք վերջապես կարողացան իրենց ուժերով մեր պատիվը փրկել»,-ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանը թե՛ օգոստոսյան դեպքերը, թե՛ ուղղաթիռի խոցումը կապեց տարածաշրջանային անցուդարձի հետ:

«Երբ որոշվեց, որ Հայաստանը պետք է մուտք գործի աշխարհաքաղաքական մի նոր միություն, կայսրություն, դրան սկսեց հաջորդել հարված մեր բանակին, որովհետև այսօր մեր երկրում կա միայն մի հաստատություն, որը կարող է ինքնիշխանությունը պահել՝ բանակն է: Ես չեմ կարևորում, թե որ երկիրն է մեզ փորձում օկուպացնել, որովհետև կայսրությունները ունեն իրենց հաշիվներն ու շահերը։ Բայց այդ ե՞րբ եղավ, որ հայերը որոշեցին իշխան լինել, և որևէ կայսրություն համառորեն դեմ կանգնեց: Երբ մեզանում ստեղծվի այն ուժը, որ տեր կկանգնի իր երկին, Մոսկվան մեզ հետ հաշվի կնստի»,-ասաց նա

Նույն շարքից