գլխավոր Քաղաքականություն 

Շատ անկեղծ մի բան ասեմ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց նախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացնելու հարցը

 

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Էդմոն Մարուքյանի համապատասխան հարցին, անդրադարձավ իր կողմից կայացված գաղտնի որոշման մասին, ինչի արդյունքում նախարարների և մի շարք այլ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացրել է:

 

Մարուքյանը, դիմելով վարչապետին, հայտարարեց, որ նա շրջանցել է պաշտոնյաների վարձատրության մասին օրենքը, հայտնի սանդղակը. «Դուք բարձրացրել եք սանդղակի մեջ երեք սուբյեկտների աշխատավարձերը: Ես այստեղ խնդիր եմ տեսնում, սա առանց խորհրդարանի է արվել: Բացի դրանից, խնդիր եմ տեսնում գաղտնիության մեջ: Ինչո՞ւ է այդպես որոշվել, ինչո՞ւ օրենքը չեք բերել խորհրդարան»,-ասաց Մարուքյանը՝ նշելով, որ իրենք դեմ չեն պարգևավճարներին, որոնք ստանում են բոլորը, այդ թվում նաև պատգամավորները:

 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշման արդյունքում որոշ սուբյեկտների աշխատավարձերն իջել են. «Այս որոշման անկյունաքարային նշանակությունը հենց դրա մեջ է: Եթե հիշում եք անցած տարի պարգևատրումային սկանդալի արդյունքում քննարկումներ ենք ունեցել և արձանագրել ենք, որ որոշակի հարցեր կան: Որոշման արդյունքում ոմանցն իջել է, ոմանցը բարձրացվել: Խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի մարդիկ, նույն աշխատավարձը պետք է ստանան: Սանդղակը, որը ձեր խոսքերով, խախտվել է ու օրենքը, որի մասին խոսում եք, վաղուց այդպես չի գործում: Սանդղակը վաղուց է խախտվել: Մենք պրոցեսը տարել ենք հրապարակային: 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ես այս ամբիոնից ասել եմ՝ եթե նախինում պարգևատրումային ֆոնդ ունեին մի քանիսը, հիմա մենք աշխատավարձի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանում ենք պարգևատրումների ֆոնդ: Բյուջետային քննարկումների ժամանակ իմացել եք դրա մասին ու քվեարկել եք դրա օգտին:

 

Ես նաև այս ամբիոնից պաշտպանել եմ դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն: Բացի դրանից, ես նաև հայտարարել եմ, որ ԱԱԾ, Ոստիկանության և այլ մարմիններում այդ պարգևատրումներով աշխատավարձերը փաստացի բարձրացրել ենք: ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այդ պարգևատրումները եղել են: Մենք որևէ տեղից փող չենք կտրել ու աշխատավարձ բարձրացրել: Դա եղել է երկու պատճառով, որ դիսպրապորցիան փոխվի և չլինի այն անհարմար վիճակը, երբ պաշտոնյան ինքն իրեն պարգևատրում է նշանակում»:

 

Մարուքյանը նշեց, որ ինքը դեմ չէ աշխատավարձի բարձրացմանը, ուղղակի հարցն այն է, որ բարձրացումը 30 տոկոսից ավելի է կրկնապատկվել աշխատավարձերը. «Երբ մենք խոսում էինք ֆոնդի մասին, գիտեինք 30 տոկոսի մասին: Իսկ ինչ վերաբերում է սանդղակին, ապա այն գործում է, օրինակ պատգամավորները 10 գործակցի տակ են՝ գումարած պարգևավճարը: Ասեք, նաև, թե ինչո՞ւ է գաղտնի արվել դա»:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցն ԱԺ ամբիոնից բավարար չափով քննարկված է եղել. «Խոսել նախարարի աշխատավարձի գաղտնիության մասին, տեղին չէ, քանի որ նա ամեն տարի լրացնում է հայտարարագիր: Որևէ մեկը չի կարող գաղտնի բարձրացնել նախարարի աշխատավարձը: Հանձնարարականը գաղտնի է գնացել, քանի որ դա ներքին աշխատանքային ընթացակարգային հարց է եղել՝ մեկինն իջել է, մյուսինը բարձրացել: Եկեք նաև չմոռանանք, որ նախարարությունների միացում է եղել: Փաստորեն նախարարներ կան, որ երեք նախարարի գործ են անում: Եթե հանձնարակականը գնացել է «գաղտնի» գրիֆով, չի նշանակում, որ հանրությունից գաղտնի անելու նպատակ է եղել»։

 

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու հենց որոշում կայացնելու պահին այդ մասին չի հայտարարվել, Փաշինյանը նշեց, որ դա նույնն է, որ ամեն ամիս հայտարարես պարգևատրում տալու մասին։

 

Գաղտնիության մասով վարչապետը խոսեց նաև խոսքի վերջում՝ հայտարարելով, թե համարել են, որ հարցը բավարար չափով քննարկվել է Ազգային ժողովում և հանրության հետ. «Անկեղծ մի բան էլ ասեմ: Քանի որ նախկինում այդ կարգի որոշումները միշտ էլ գաղտնի են արվել, իներցիայով ուղղակի գնացել է, այլ բան չկա»:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից