Հայաստան 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահին

analitik.am

Պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Ռիկսդագի նախագահ Ուրբան Ահլինի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայ-շվեդական հարաբերությունները առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ և հարաբերություններն առավել ամրապնդելու պատրաստակամությամբ։ 

Զրույցի ընթացքում կարևորվել է երկու խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեությունը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ խորհրդարանական ձևաչափը կարևոր դեր է խաղում` միջպետական համագործակցության զարգացման համար, և խորհրդանշական է համարել, որ իր գլխավորած պատվիրակության կազմում է Հայաստանի Ազգային ժողովի` Շվեդիայի հետ բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը։

Ուրբան Ահլինն ու Էդվարդ Նալբանդանը կարևորել են միջազգային կազմակերպությունների և դրանց խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում համագործակցության սերտացումը։ 

Շվեդիայի խորհրդարանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր են փոխանակել` տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։

Հանդիպմանը արծարծվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող հարցեր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացի շուրջ։

Ռիկսդագում Հայաստանի արտգործնախարարի պատվին աշխատանքային ճաշ է կազմակերպվել, որին ներկա են եղել խորհրդարանի փոխնախագահ Էսաբել Դինգիզյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քենեթ Ֆորսլունդը և տարբեր կուսակցություններ ներկայացնող հանձնաժողովի անդամներ, որոնց հետ մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների և ժողովուրդների միջև համագործակցության գործուն ձևաչափ:

Պատգամավորների հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը:
 

Նույն շարքից