Հասարակություն 

Վահե Գրիգորյանը ծառայողական մեքենա, աշխատավարձ, ամսական 240 լիտր բենզինի կտրոն է ստացել ՍԴ-ում ոչ մի բան չանելու համար. «168 ժամ»

analitik.am

 

«168 ժամ» թերթը գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որն Ազգային ժողովում 2019 թ. հունիսի 20-ին ՍԴ դա­տավոր ընտրվելու օրը հայտարարել էր, թե ՍԴ է մտնում որպես այդ դատարանի նախագահ, պաշտոնը ստանձնելուց մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածը չի մասնակ­ցել որևէ նիստի և որևէ գործով չի հանդիսացել զեկուցող դատավոր: Վահե Գրիգորյանն իր բացակայությունների հարգելիության վերաբերյալ նաև չի ներկայացրել որևէ տեղեկատվու­թյուն: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

 

«168 ժամի» թղթակիցը ՍԴ աշխատակազմին խնդրել էր նաև պատասխանել հարցին, թե պաշտոնը ստանձնելուց հետո ի՞նչ մակնիշի մեքենա և քանի՞ լիտր բենզինի կտրոն է տրամադրվել ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանին: Հարցին ի պատասխան ՍԴ աշխատակազմից հայտնել են, որ Գրիգորյանին նախապես տրամադրվել է ծառայողական մեքենա՝ Hundai Elantra մակնիշի, սակայն որոշակի ժամանակ անց փոխարինվել է մեկ այլ ծառայողական մեքենայով վերանորոգման անհրաժեշտություն առաջանալու պատճառով:

«Յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ծառա­յողական մեքենայի համար Վահե Գրիգորյանին տրամադրվել է 240 լիտր բենզինի համար նախատեսված կտրոն: Գրիգորյանին տրամադրվել է նաև աշխատասենյակ Սահմանադրա­կան դատարանի շենքում, ինչպես նաև աշխատասենյակի համար նախատեսված գույք նե­րառյալ կահույք, համակարգչային տեխնիկա, աշխատանքային հեռախոս, որի վճարումները կատարվում են պետական միջոցներով»,- ասված է ՍԴ աշխատակազմից մեզ տրված պա­տասխանում:

 

Իսկ հարցին` ՍԴ դատավոր ընտրվելուց ի վեր Վահե Գրիգորյանը քանի՞ անգամ է պարգևավճար ստացել, ՍԴ-ից պատասխանել են. «Գրիգորյանին 4 անգամ տրամադրվել է պարգևավճար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից